Բաժին. Տնտեսական

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱԶԲ-ի ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործողությունների դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիեմին: Հանդիպման նպատակն էր քննարկել բանկի հետ ագրարային բնագավառում համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման սկզբում նախարար Իգնատի Առաքելյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակն ու առաջնահերթությունները, ագրարային բնագավառի հետագա զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն անդրադարձել է նաև ոլորտում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերին` ընդգծելով, որ ներկայումս գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր մշակելիս հիմնական շեշտը դրվում է փոքր և միջին ֆերմերների համար մատչելի ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով տնտեսավարող սուբյեկտներին ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայով ապահովմանը:

Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը նաև ընդգծել է, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում ինտենսիվ այգիների հիմնման, օրգանական պարարտանյութերի տարածման և լայնածավալ օգտագործման, մթերման առավել արդյունավետ կազմակերպման նպատակով հատուկ կենտրոնների և սառեցման պահեստարանների ստեղծման, ջերմոցային տնտեսությունների ընդլայնման ուղղությամբ:

Քրիստոֆեր Թիեմն իր հերթին նշել է, որ Ասիական զարգացման բանկը հետաքրքրված է բազմակողմանի օժանդակություն ցուցաբերել Հայաստանին գյուղատնտեսության զարգացման նպատակով: Միաժամանակ նա հավելել է, որ բանկը պատրաստ է մասնակցել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին ներդրումների, վարկերի տրամադրման և տեխնիկական աջակցության միջոցով, ինչպես նաև համագործակցել մասնավոր հատվածի հետ:

Share