Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 7.0%-ով

2017թ. հունվար-հոկտեմբերին ամիսներին, 2016թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.0%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 12.8%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 13.9%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.1%-ով, շինարարության ոլորտում արձանագրվել է անկում՝ շուրջ 0.9%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,338.331 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,016.664 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,182.167 մլրդ ՀՀ դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 735.678 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 274.599 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 100.7%:

Share