Բաժին. Տնտեսական

Կբարձրանա բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը

Հավանություն է տրվել նաև կառավարության մեկ այլ օրենսդրական նախաձեռնությանը՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների և զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման դեպքերը: Արդյունքում՝ օրենքի որոշ դրույթներ կհամապատասխանեցվեն կորպորատիվ կառավարման միջազգային պրակտիկայում ընդունված առավել արդիական սկզբունքներին: Միաժամանակ, նախագծի ընդունման դեպքում հնարավոր է բարելավել «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքը, մասնավորապես` այլ հավասար պայմաններում ապահովելով «Ներդրողների պաշտպանվածություն» ցուցիչով առաջընթաց` 53-ից 32-րդ տեղ:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:

Share