Բաժին. Տնտեսական

Սննդամթերքի գները Հայաստանում. Ի՞նչն է թանկացել, ինչն էժանացել

Նոյեմբերին, հոկտեմբեր ամսվա համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճ, ինչին հիմնականում նպաստել է մրգի և բանջարեղենի գնաճը:

Այսպես, բանջարեղենի ապրանքախմբում նախորդ՝ նոյեմբեր ամսում, 2016 թվականի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 10.4%, իսկ այս տարվա հոկտեմբեր ամսվա համեմատ` 25.0% գնաճ:

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ մրգի ապրանքախմբում այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 0.7% գնանկում, իսկ 2017 թվականի հոկտեմբերի համեմատ`13.7% գնաճ:

Արդյունքում, 2017 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 20.7%: Վերոնշյալները, սպառողական զամբյուղում ունենալով 8.58% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին՝ 1.76 տոկոսային կետով:

Նշենք նաև, ո կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017 թվականի նոյեմբերին 2016 թվականի նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.1%, իսկ 2017 թվականի հոկտեմբերի համեմատ`3.5% գնաճ (այդ թվում, ձվի գինն աճել է 7.8%-ով):

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017 թվականի նոյեմբերին 2016 թվականի նոյեմբերի համեմատ արձանագրվել է 14.7%, իսկ 2017 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 2.7% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի 5.5% գնաճով:

Մսամթերքի ապրանքախմբում այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, գրանցվել է 9.7%, իսկ 2017 թվականի հոկտեմբերի համեմատ 1.6% գնաճ:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2017 թվականի նոյեմբերին 2016 թվականի նոյեմբերի համեմատ արձանագրվել է 27.0%, իսկ 2017 թվականի հոկտեմբերի համեմատ`0.3% գնաճ:

Նշենք նաև, որ 2017 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի՝ 0.3%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.4% գնաճ: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017 թվականի նոյեմբերին 2016 թվականի նոյեմբերի համեմատ գրանցվել է 5.4%, իսկ 2017 թվականի  հոկտեմբերի համեմատ՝ 1.6% գնանկում:

2017 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի, հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.2% գնանկում:

Share