Բաժին. Տնտեսական

Վահան Մարտիրոսյանը ընդունել է NOKIA ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 11-ին ընդունեց «NOKIA» ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի հետ հարաբերությունների կառավարման ղեկավար Օլաֆ Շուլցի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը հույս հայտնեց, որ առաջիկայում «NOKIA»-ի ներկայացվածությունը Հայաստանում կլինի ոչ միայն հեռահաղորդակցության, այլև թվային ենթակառուցվածքների ոլորտում։

Օլաֆ Շուլցը նախարարին ներկայացրեց վերջին շրջանում ընկերության իրականացրած ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք ընդգրկում են նաև թվային տնտեսության ոլորտը։

Նախարարին ներկայացվեցին նաև Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության շրջանակները և այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Նախարարը «NOKIA»-ի ներկայացուցիչներին առաջարկեց Հայաստանում, բացի առևտրային ներկայացուցչությունից, R&D (գիտահետազոտական) լաբորատորիա ստեղծել՝ հաշվի առնելով բարձրակարգ մասնագետների և նախադրյալների առկայությունը Հայաստանում։ Վահան Մարտիրոսյանը ցանկություն հայտնեց, որպեսզի ընկերությունը մասնակցի նաև Հայաստանում 5G  ծածկույթ ներդնելու ծրագրին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային թվային համակարգ ներդնելու «NOKIA»-ի փորձը։

Share