Բաժին. Տնտեսական

Հայաստանի տնային տնտեսությունների 18.6%-ն իր բնակարանային պայմանները գնահատում է վատ

Հայաստանում տնային տնտեսությունների ավելի քան 90%-ը հանդիսանում է իր կացարանի սեփականատերը: Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ քաղաքային բնակավայրերում տնային տնտեսությունները գլխավորապես բնակվում են բազմաբնակարան շենքերում` 72%, իսկ գյուղական բնակավայրերում գերակշռում են առանձնատները` 92.2%:

Հանրապետությունում բնակարանային պայմանների ընդհանուր համատեքստում լուրջ խնդիր է կացարանների ծանրաբեռնվածությունը: 2016թ.-ի հետազոտության տվյալներով մեկ սենյականոց բնակարանների ծանրաբեռնվածությունը կազմել է 2.21 մարդ: Հաշվետու տարում 1000 տնային տնտեսությունից 568 տնային տնտեսությունում (2008թ.-ի` 877-ի և 2015թ.-ի`558-ի համեմատ) մեկ սենյականոց բնակարաններում գրանցվել է 2 և ավելի առկա մարդ:

2016թ.-ին գյուղական բնակչության ապահովվածությունն ընդհանուր մակերեսով բավական գերազանցել է քաղաքայինին: Միևնույն ժամանակ, բնակարանային ֆոնդի բարեկարգվածությունը գյուղում անհամեմատ ցածր է, քան քաղաքում: Խոհանոցի, սառը ջրի և մյուս առաջնային անհրաժեշտ պայմանների միաժամանակյա առկայություն գրանցվել է գյուղական բնակավայրերի միայն 9.6% տնային տնտեսությունների մոտ, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 90.4%:

Տնային տնտեսությունների՝ իրենց բնակարանային պայմանների վերաբերյալ սուբյեկտիվ գնահատականների համաձայն, 2016թ.-ին տնային տնտեսությունների մեծ մասը`61.7%-ը, իրենց բնակարանային պայմանները գնահատել են բավարար (2008թ.-ի 60.2%-ի և 2015թ.-ի` 63.8%-ի, դիմաց): Տնային տնտեսությունների 18.6%-ն իր բնակարանային պայմանները գնահատել է վատ, իսկ 3.7%-ը` շատ վատ: Միայն 16.0%-ն է իր բնակարանային պայմաններին տվել լավ կամ շատ լավ գնահատական (2008թ.-ի 12.2%-ի և 2015թ.-ի`15.4%-ի դիմաց):

2016թ.-ին տնային տնտեսությունների միայն 1.8%-ը կամ 14.3 հազարն է կարողացել վերանորոգել իր կացարանը վերջին մեկ տարվա ընթացքում, ընդ որում նրանց գերակշռող մասը` 81.7%-ը, եղել են ոչ աղքատ տնային տնտեսությունները, մինչդեռ աղքատ տնային տնտեսությունները կազմել են 18.3%, իսկ ծայրահեղ աղքատներից և ոչ մեկը չի կարողացել վերանորոգել իր կացարանը:

Share