Բաժին. Տնտեսական

Ենոքավանում գործարկվել է Տավուշի մարզի ամենամեծ արևային կայանը

Հայաստանում գործող արևային համակարգային կայանների թիվը ավելացավ ևս մեկով։ Ենոքավան գյուղում գործարկվել է Տավուշի մարզի ամենամեծ արևային կայանը։ Այն ունի 150 կՎտ դրվածքային հզորություն և կարող է արտադրել տարեկան մինչև 208 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Կայանի բացմանը մասնակցել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը.

– Արևային քարտեզով Տավուշի մարզը նվազ ռեսուրսներով վայր է մեր հանրապետությունում, քանի որ այն տեղումնառատ և խոնավ գոտի է:  Անբարենպաստ է հատկապես  դեկտեմբերը։ Չնայած դրան, կայանը զարմանալի ցուցանիշներ է ապահովել։ Ընդ որում, արդյունքներն արձանագրվել  են մեր տեղական  արևային վահանակների կիրառմամբ,-նշել է Հայկ Հարությունյանը։

Նշենք, որ արևային հերթական կայանը տեղադրել է Հայաստանում արևային վահանակներ արտադրող «Սոլարոն» ընկերությունը։ Ծրագիրը ֆինանսավորել է «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը՝ KfW բանկի վերականգնվող էներգիայի հիմնադրամի միջոցով:

Share