Բաժին. Տնտեսական

Արտակ Շաբոյան. ԼՂՀ գործընկերների հետ համագործակցությունը տեսանելի դրական արդյունքներ է տվել

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը  համագործակցության հուշագիր կնքեց Արցախի հանրապետության գործընկերների հետ՝ հայկական երկու պետություններում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ:

ՀՀ և ԼՂՀ մրցակցային մարմինների համագործակցությունը հատկապես վերջին տարիներին զարգանում է շատ ակտիվ և արդյունավետ, իսկ կատարված աշխատանքները տեսանելի դրական են անդրադարձել մի շարք ոլորտների վրա: 

Հուշագրի կնքման արարողությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում հստակեցվել են գալիք 2018 թվականի անելիքները, նախանշվել են հատկապես այն ոլորտները, որոնց ուղղությամբ տարվող աշխատանքները տարվա ընթացքում լինելու են առաջնային: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում կարևորել է  տարեցտարի ավելի ամուր հիմքերի վրա դրվող համագործակցությունը և վստահեցրել, որ առաջիկայում ևս արվելու է հնարավոր ամեն բան՝ համատեղ խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ. « Այս տարիների ընթացքում ԼՂՀ գործընկերների հետ համագործակցության արդյունքում իսկապես հասել ենք լուրջ ձեռքբերումների, սակայն, պետք է նշեմ, որ ստացված արդյունքները մեզ համար բավարար չեն, կան նոր նախանշված ծրագրեր, կարևոր ուղղություններ, որոնց իրականացմանն էլ առաջիկա տարիներին կուղղենք մեր ջանքերը››:

Տեղեկացնենք նաև, որ անցած տարիներին ՀՀ Մրցակցային մարմինը մշտապես աջակցել է Արցախի գործընկերներին   ինչպես ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, այնպես էլ համատեղ վարույթների իրականացման, փորձի և տեղեկատվության փոխանակման առումով: Համատեղ վերլուծություններ են կատարվել սոցիալական առաջնային նշանակության մի շարք շուկաներում, իրականացվել  են համատեղ ուսումնասիրություններ՝ անբարեխիղճ մրցակցության և հակամրցակցային այլ գործողությունների բացահայտման նպատակով:

ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը իր ելույթում նշեց, որ Հանձնաժողովների միջև կնքված Համաձայնագրի շրջանակներում կատարվել է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների մասին տեղեկատվությունների ամսական փոխանակում, ինչը հնարավորություն է տվել համադրել և վերահսկել այն ապրանքների գները, որոնք ներմուծվում են ՀՀ-ից: Ապրանքատեսակների գների վերաբերյալ տեղեկությունների նշված փոխանակումը և դրա արդյունքում կատարած վերլուծությունները թույլ են տվել զսպել գների արհեստական  բարձրացման միտումները:

Հուշագրի ստորագրումից հետո ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Արցախի գործընկերներին պարգևատրեց շնորհակալագրերով և պատվոգրերով՝ համատեղ գործունեության ընթացքում ունեցած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար։

Share