Բաժին. Տնտեսական

Երևան-Արտաշատ ճանապարհի 8 կամուրջների և ուղեանցերի շինարարությունն ավարտվել է

«Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում 2016 թ. սեպտեմբերին մեկնարկած 8 կամուրջների և ուղեանցերի կառուցման ու հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են պայմանագրով նախատեսված ժամկետում։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց կատարեց, ծանոթացավ կատարված աշխատանքներին։

Այնթապի կամուրջն ամբողջությամբ վերակառուցվել է, ափային հենարանների հիմքերի վրա կառուցվել է նորը։

Մասիս-Այնթապ համայնքները կապող կամրջային հանգույցում նախարարը մեկուսացման որոշակի թերություններ նկատեց և հանձնարարեց շտկել դրանք։

Մասիս քաղաքը Մարմարաշեն համայնքին կապող կամուրջը նորակառույց է։

Նորակառույց է նաև Բուրաստանի ուղեանցը, որը համայնքի բնակիչների գյուղտեխնիկայի և անասունների համար անվտանգ երթևեկ ու անցում է ապահովում դեպի վարելահողեր ու արոտավայրեր։

Արաքսավան-Դիմիտրով և Արտաշատի կամուրջների մի շարք հատվածներում մնացել են միայն արգելապատնեշների տեղադրման և գծանշման որոշակի աշխատանքներ։ Նախարարին ներկայացնելով իրավիճակը՝ շինարարները նշեցին, որ մեկ-երկու օրից աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն։

Վերակառուցվել է նաև Մասիս-2 կամուրջը, որը Մասիս գյուղական համայնքից կապ է ապահովում դեպի վարելահողեր։ Գյուղապետը մտահոգություն ներկայացրեց՝ կապված ոռոգման համակարգի հետ։ Շինարարը պարտավորվեց ուսումնասիրել և լուծում տալ խնդրին։

Նախարարն առանձնակի ուշադրություն է դարձնում անվտանգության խնդիրներին։ Նա հանձնարարեց մի քանի կամուրջների և ուղեանցերի ճանապարհամերձ հատվածներում ավելացնել արգելափակոցները, ճանապարհամերձ հատվածներին մոտ գտնվող բարձր լարման էլեկտրասյուները տեղափոխելու հնարավորություններն էլ քննարկել էլեկտրացանցի ներկայացուցիչների հետ և լուծումներ գտնել։

«Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում կամուրջների և ուղեանցերի շինարարության ընթացքում  որոշ ժամանակահատվածում երթեկությունը տեղ-տեղ միակողմանի փակվել էր և կազմակերպվում էր շրջանցիկ:

Մայիսի 25-ից կամուրջներին հարող հատվածներում այն երկկողմանի վերականգնվեց: Մյուս շինարարական աշխատանքները, կամուրջների ասֆալտապատումն ու բարեկարգումը շարունակվեցին և ավարտին հասցվեցին արդեն բաց երթևեկության պայմաններում:

Share