Բաժին. Տնտեսական

Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության մեկ երրորդը կենտրոնացած է Երևանում

Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության մեկ երրորդը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում` կազմելով 31,3 տոկոս, Արմավիրում 12 տոկոս են, Արարատում՝ 10, Լոռիում՝ 9, Կոտայքում՝ 8,9 տոկոս, ամենաքիչը Վայոց ձորի մարզում են՝ 1,9 տոկոս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում ամենամեծ չափաբաժինը 25-34 տարեկաններն են՝ 22,8 տոկոս, 45-54 տարիքային խումբը 21 տոկոս է կազմում, 55-64 տարեկանները՝ 20,4 տոկոս, 35-44 տարեկանները՝ 20 տոկոս, 15-24 տարեկանները՝ 10,2 տոկոս, 65-75 տարիքային խումբը՝ 5,6 տոկոս։

Տնտեսապես ակտիվ բնակչության 42,2 տոկոսն ունի ընդհանուր միջնակարգ կրթություն, 28,8 տոկոսը՝ բարձրագույն և հետբուհական կրթություն, 23,6 տոկոսը՝ միջին մասնագիտական, 5,4 տոկոսը հիմնական ընդհանուր, տարրական և ցածր կրթական մակարդակ ունեցողներն են։

Ինչ վերաբերում է տնտեսապես ակտիվ բնակչության ամուսնական կարգավիճակին, ապա 70,3 տոկոսը ամուսնացածներն են, 20,7 տոկոսը երբևէ չամուսնացածները, 5,9 տոկոսը այրիները, 3,1 տոկոսը՝ ամուսնալուծվածները։

Տնտեսապես ակտիվ բնակչությունը 2016-ին կազմել է 1 միլիոն 226,3 հազար մարդ։ Տնտեսապես ակտիվ բնակչության մեջ մեծամասնություն են տղամարդիկ՝ 53 տոկոս (645,1 հազար մարդ)։ Քաղաքներում կենտրոնացած է տնտեսապես ակտիվ բնակչության 58 տոկոսը, գյուղերում 42 տոկոսը։

Տնտեսապես ակտիվ բնակչության (աշխատուժի) մեջ ներառվում են զբաղվածները և գործազուրկները, ովքեր հետազոտվող ժամանակահատվածում աշխատանքի շուկայում ապահովում են աշխատուժի առաջարկը` ապրանքների և ծառայությունների արտադրության համար:

Share