Բաժին. Տնտեսական

Օրենսդրական նախաձեռնություններ. կկարգավորվեն հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները

Հավանության է արժանացել «Տեղական տուրքերի և վճարների մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղղված է հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելուն: Օրինագծերի ընդունմամբ կսահմանվեն հրավառություն հասկացությունը, հրագործական նյութերի օգտագործման, ինչպես նաև հրավառությունների իրականացման համար լիազոր պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավակարգավորումներ: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը և դրանց ներկայացող պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին: Միաժամանակ սահմանվում է առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնելու համար վարչական պատասխանատվություն, ինչպես նաև տեղական տուրք՝ թույլտվություն ստանալու համար:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն, օրինագծերը մշակվել են ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կիրարկումն ապահովելու նպատակով:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Share