Բաժին. Տնտեսական

Կներկայացվեն ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկություններ

Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտի ներդրման վերաբերյալ էր: «Ներկայումս գործող կարգավորումների արդյունքում ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում գնումների գործընթացն իրականացվում է առանց նախաորակավորման փուլի, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքները գործնականում առաջացնում են որոշակի խնդիրներ։ Նման խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում գնումների գործընթացում լայնորեն կիրառվում է նախաորակավորման ինստիտուտը»,-ասել է վարչապետը:

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսների նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ պետական գնումների այլ ոլորտների համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկություններ։

«Այս մոտեցմանը հիմնականում դեմ է ֆինանսների նախարարությունը՝ ասելով, որ հնարավոր է էժան լուծումները բաց թողնենք: Բայց մենք առանց նախաորակավորման ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց, որը համապատասխան հմտություններ չունի: Մենք պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն կետը գտնենք: Մյուս կողմից էլ պետք է հասկանանք, թե ում հետ ենք գործ բռնում և ինչ լուծումներ ենք ակնկալում նրա աշխատանքներից », – ասել է վարչապետը:

Share