Բաժին. Տնտեսական

Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում

Պարտադիր սպանդանոցային մորթը շահեկան պայմաններ կստեղծի գյուղացիների համար, ովքեր իրենց կենդանու միսը վաճառում են միջնորդների միջոցով: Այս նորմը ողջ հանրապետությունում կգործի 2018-ի հուլիսի 1-ից, ինչը ենթադրում է, որ մսի իրացումն ու գնումը պետք է կատարվի միայն սպանդանոցային մորթի պայմաններում: Նախատեսվում է հուլիսին Հայաստանում ունենալ 40-70 սպանդանոց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: «Պարտադիր սպանդանոցային մորթը հնարավորություն է տալիս, որ կենդանիների մորթը չիրականացվի որտեղ պատահի և ավելի վերահսկելի է դարձնում այդ գործընթացը` բացառելով, որ վարակված կամ հիվանդ կենդանու մսեղիքը հայտնվի իրացման ցանցում։ Այն ավելի մաքուր ու քաղաքակիրթ պայման է, որով գնում է  ամբողջ աշխարհը, մենք չենք կարող բացառություն լինել»,-ասաց ՍԱՊԾ պետը:

Իշխան Կարապետյանը տեղեկացրեց, որ սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի արդյունքում արդեն առկա է 18 սպանդանոց, որոնք վերագործարկման փուլում են, ևս 2-ը նոր են շահագործման հանձնվել, 21-ն էլ կառուցվում են: «Հաշվի առնելով, որ այս նորմը պարտադրող օրենքն ընդունվեց, մի շարք մարդիկ ցանկություն են հայտնել սեփական ներդրմամբ ստեղծել սպանդանոցներ, մոտ 30-40 նման ցանկություն հայտնող կա։ Հանրապետությունում ունենալու ենք ցանց, որը մեզ հնարավորություն է տալու իրականացնել այս փոփոխությունը։ Կարևոր եմ համարում հանգամանքը, որ դրանք իրենց ծավալով փոքր սպանդանոցներ են, որոնց միջին արժեքը 20, 25, երբեմն 30 միլիոն դրամ է, բայց եկամտաբերությունը բարձր է` համադրած մորթի միջին գների հետ»,-հավելեց պաշտոնյան: Նրա տեղեկացմամբ` այդ սպանդանոցներից 5-ը «հալալ մորթ» են իրականացնում,  որոնց արտադրանքն արտահանվում է Իրան, առաջիկայում նախատեսվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ:

Իշխան Կարապետյանը նկատեց նաև, որ սպանդանոցային մորթի ոլորտը գերմրցակցային կդառնա, ինչն էլ կնպաստի տնտեսավարողների կողմից մորթի գների իջեցմանը: «70 սպանդանոցի դեպքում յուրաքանչյուր մարզում հնարավոր կլինի ունենալ 5-6 սպանդանոց, որոնցից յուրաքանչյուրի սեփականատերը ձգտելու է իր մոտ մորթը կազմակերպել, և գինն իջեցնելու է: Մի այլ կարևոր հանգամանք էլ կա. միսը, որը սպանդանոցից դուրս է գալու, իրացման ցանցում այլևս փորձաքննության չի ենթարկվի, այսինքն` տնտեսավարողը կխնայի փորձաքննության վրա ծախսվելիք գումարը, որը կներառվի մորթի արժեքի մեջ»,-հավելեց ՍԱՊԾ պետը:

Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռք բերումը կիրականացվի  2017 թվականի մայիսի 1-ից, մսամթերքի արտադրությունը (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2017 թվականի նոյեմբերի 1-ից, տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանումը`  նոյեմբերի 1-ից, Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում)՝ 2018 թվականի ապրիլի 1-ից, Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում՝ 2018 թվականի մարտի 1-ից, ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում՝ 2018 թվականի հունիսի 1-ից և ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում)՝ 2018 թվականի հուլիսի 1-ից:

Share