Բաժին. Տնտեսական

Արտակ Շաբոյան. ՏՄՊՊՀ-ն ամենօրյա ռեժիմում հետևում է գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությանը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով հսկում է ապրանքային տարբեր շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությունը: Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Պաշտոնյայի խոսքով` իրենց տեսադաշտում գտնվող ապրանքային շուկաներում չկան մենաշնորհներ, քանի որ, ըստ օրենսդրության, մենաշնորհ է համարվում շուկայի 100 տոկոսն իր ձեռքում կենտրոնացրած տնտեսվարողը:

«Բնական մենաշնորհներ կան, որոնք կարգավորվում են պետության կողմից, խոսքը վերաբերում է գազի, էլեկտրաէներգիայի շուկաներին: Այլ ոլորտներում մենաշնորհներ չունենք, կան խոշոր ընկերություններ, որոնց անվանում ենք գերիշխող դիրք զբաղեցնողներ: Ամենօրյա ռեժիմով մենք հսկում ենք նրանց գնային քաղաքականությունը, տնտեսվարողներից և ՊԵԿ-ի մեր գործընկերներից ստանում ենք տեղեկատվություն ապրանքների ձեռքբերման և վաճառքի գների մասին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արտակ Շաբոյանը:

Պաշտոնյայի խոսքով` եթե տեսնում են շեղումներ, խորացնում են իրենց ուսումնասիրությունը` ստիպելով գները համահունչ դարձնել առկա իրավիճակին: Արտակ Շաբոյանի հավաստմամբ` այդ իմաստով բացառություն չէ նաև բենզինի շուկան, որտեղ ներմուծում են իրականացնում 3 խոշոր ընկերություն: Ինչ վերաբերում է գազալցակայանների և բենզալցակայանների գնային քաղաքականությանը և դրանցում անհարկի թանկացումների հայտնաբերմանը, Արտակ Շաբոյանը նշեց, որ, ըստ իրենց ուսումնասիրությունների, գազալցակայանների միջև գնային տարբերությունները ավելի շատ են, քան բենզալցակայանների: Պաշտոնյան դա պայմանավորեց գազալցակայանների ոլորտի առավել մրցակցային բնույթով:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս պահին գազալցակայանների մեծ մասում 1 խմ գազը վաճառվում է 213 դրամով, կան, իհարկե, տարբերություններ, օրինակ` շուկայի առաջարկի և պահանջարկի ազդեցությամբ պայմանավորված: Հնարավոր է մարզերում տարբեր վայրերում գտնվող գազալցակայանները գնային տարբերություններ ունենան:Երևանում 1 խմ սեղմված գազը 210 դրամով է վաճառվում` նախկին 190 դրամի համեմատ»,-ասաց Արտակ Շաբոյանը:

Բենզալցակայաններում, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ մանրածախ ոլորտում երկու խոշոր ներմուծողի կողմից է հիմնականում վաճառքն իրականացվում: Իսկ շուկայում գործող անհատական բենզալցակայաններից շատերը գործում են այդ երկու ներմուծողի ապրանքանշանի ներքո, հետևաբար խոշորների գնային քաղաքականությունը տարածվում է նաև իրենց վրա: Ընթացիկ տարվա հունվարի 1-ից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: ՏՄՊՊՀ գնահատականով` այս շուկաներում գնաճն ամբողջությամբ պայմանավորված է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային դրույքաչափերի փոփոխությամբ:

Share