Բաժին. Տնտեսական

Մեկնարկում է մարզային զբոսավարների վերապատրաստման դասընթացի նոր փուլ

«Իմ Հայաստան» ծրագիրը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ, հունվարի 29-ին մեկնարկեց մարզային զբոսավարների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը։ Այս կուրսը նախատեսված է զարգացնելու Գյումրու, Իջևանի, Դիլիջանի և Սիսիանի բնակիչների, հատկապես երիտասարդների զբոսավարության հմտությունները։ Դասընթացին կմասնակցեն մարզային 30 զբոսավարներ, ինչպես նաև թանգարանների և զբոսաշրջության ոլորտի 10 աշխատակիցներ, ովքեր համագործակցում են «Իմ Հայաստան» ծրագրի հետ։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Նա նշեց, որ դասընթացը յուրահատուկ և կենսական է մարզերում տուրիզմի զարգացման համար. «Հզորացնելով մարդկանց, հատկապես երիտասարդների` իրենց համայնքների զբոսավարներ ու մշակութային դեսպաններ դառնալու կարողությունները, մենք օգնում ենք նրանց խորը գիտելիքներ ձեռք բերել տեղի պատմության, մշակույթի և բնական ժառանգության մասին և օգտագործել դրանք այցելուների համար հետաքրքրաշարժ պատմություններ կերտելու համար: Ամենակարևորն այն է, որ դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն զբոսավարության, հաճախորդների սպասարկման, այցելուների հետ շփման և խմբերի ղեկավարման գործնական հմտություններ: Մենք ուրախ ենք փաստել, որ անցյալ տարվա մեր առաջին ուսումնական ծրագիրն օգնեց շրջանավարտներից ոմանց հիմնել իրենց սեփական բիզնեսը և այցելուներին պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություններ մատուցել», – ասաց նա:

Դասընթացը կազմակերպվել էր «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում․ հնգամյա ծրագիր, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Ծրագրի գործընկեր Սոլիմար ինթերնեշնլի զբոսավարության ոլորտի միջազգային մասնագետների, Հայաստանի ամերիկյան համալսարանի փորձառու դասախոսների և զբոսաշրջության կայուն զարգացման և մարքեթինգի հիմնարար մեթոդների շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն կիրառելի գիտելիքներ՝ իրենց համայնքային պատմությունները յուրօրինակ ձևով մատուցելու այցելուներին։

– «Իմ Հայաստան» ծրագիրն աջակցում է Հայաստանի ամբողջ տարածքում կայուն և դինամիկ տուրիզմի զարգացմանը։ Այդ պատճառով մարզային մասնագետների գիտելիքների զարգացումն առաջնահերթ է ծրագրի համար։ Մարզային զբոսավարներն Հայաստանի այցեքարտն են․ այդ պատճառով նրանց մատուցած ծառայությունների որակն անմիջական ազդեցություն ունի այցելուների տպավորությունների և որոշումներ կայացնելու վրա։ Դասընթացները կօգնեն մարզային զբոսավարներին ձեռք բերել հմտություններ, որոնք կօժանդակեն իրենց մարզն ու տեղի պատմությունները հիշարժան ներկայացնելուն, – ասաց Իմ Հայաստան ծրագրի ղեկավար՝ Սիսակ Մխիթարյանը։

Դասընթացները կմեկնարկեն հունվարի 29-ին ներառելով թեմաներ, ինչպիսիք են մեկնաբանելու, պատմողական տեքստ մշակելու հմտություններ, ինչպես նաև առաջնորդի հատկանիշներ։ Փետրվարից-մարտ ընկած ժամանակահատվածում մասնակիցները կուսանեն տեսական գիտելիքներ, իսկ մարտից-ապրիլ ժամանակահատվածում կանցնեն գործնականում կիրառելու ստացած գիտելիքները զբոսավարի դերում։ Այնուհետ, Իմ Հայաստան ծրագիրը դասընթացն ավարտած մասնակիցներին կներկայացնի հայկական տուր օպերատորներին՝ ստեղծելու հնարավոր համագործակցություն և կապելու մարզային զբոսաշրջության նոր փորձառությունները գործող տուր օպերատորների հետ։

«Իմ Հայաստան» ծրագիրը, հզորացնելով մարզային զբոսավարների գիտելիքները և տարածելով մարզային մշակութային ժառանգությունը, նպաստում է մարզերի տնտեսական զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Դասընթացի առաջին փուլը տեղի է ունեցել 2017 թվականին, որի ընթացքում վերապատրաստվել են Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից 31 զբոսավարներ։

«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։ Ծրագիրն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը՝ խթանելով կայուն և դինամիկ տուրիզմի զարգացումը մարզերում։

Share