Բաժին. Տնտեսական

Գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրով 2017 թ.-ին տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա

Համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պե­տական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ներկայացված հաշվետվության` Հայաստանի Հանրապետությունում գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2017 թ. ապրիլի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում թվով 68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 68 միավոր տրակտոր, 2 միավոր կոմբայն և 94 միավոր այլ տեխնիկա:

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, որի արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար նպաստավոր պայմանների ստեղծում:

Գյուղատնտեսական տեխնիկայի լի­զին­գի պետական աջակցության պայ­ման­ներն են. 20% կանխավճար, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, տրակտորների համար` 6 տարի, հավաքիչ-մամլիչ­նե­րի, շարքացանների համար` 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ: Լիզինգի գործընթացը իրականացվում է ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով, ընդ որում լիզինգառուի խնդրանքով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով:

Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի տարեկան իրականացնել շուրջ 2.8 մլրդ արժեքով շուրջ 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի գյուղատնտեսական տեխնիկայի սուբսիդավորում, ինչը հնարավորություն կտա նորացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 2 տոկոսը:

Ծրագիրը մեկնարկել է ապրիլ ամսից: Ստո­րագրվել է հուշագիր ՀՀ գյու­ղատնտեսության նախա­րա­րու­թյան, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պե­տական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի, և ծրագրի մասնակից հետևյալ լիզինգային ընկերությունների միջև.

– «ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ» («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ) ՓԲԸ,

– «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ» ՓԲԸ,

– «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ:

Ծրագրի մասնակից գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար կազմակերպություններն են.

– «ՍՊԵՑՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

«Հրաշք Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

«Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

«Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

– «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» փակ բաժնետիրական ընկերություն:

Share