Բաժին. Տնտեսական

Առաջարկություններ կներկայացվեն չօգտագործվող պետական անշարժ գույքը ներդրումային ծրագրերի իրականացմանը տրամադրելու համար

Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր լիարժեք չօգտագործվող պետական անշարժ գույքերին: «Պետական գույքի կառավարման վարչության կողմիցգույքագրվել է պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը, որոնց մի մասը փաստացի չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ և մասնակի։ Միաժամանակ այդ գույքի սպասարկման և պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Այդ իսկ պատճառով նման տեսակի գույքը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով հարկավոր է օգտագործման տրամադրել, նույնիսկ՝ անհատույց կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»,-նշել է կառավարության ղեկավարը։

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին 1- ամսյա ժամկետում գույքագրել և պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել պետական, համայնքային, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմնի ենթակայության՝ պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով ամրացված այն անշարժ գույքի ցանկերը, որոնք մինչ օրս չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ լիարժեք: Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում ամփոփել 1-ին կետով ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ ներկայացված գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով՝ օգտագործման տրամադրման կամ դրանց օտարման գործընթացի նախաձեռնման վերաբերյալ:

Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը մարզերի և քաղաքների խորհրդանիշների վերաբերյալ էր: «Հայաստանի Հանրապետության մարզերը և համայնքները համապատասխան որոշումներով ընդունում են իրենց խորհրդանիշները։ Գործող օրենսդրությամբ սահմանված չեն նման խորհրդանիշների մշակման ընդհանուր, միասնական պահանջներ, որոնց արդյունքում խորհրդանիշներն իրենց կառուցվածքով ու կարգավիճակով կհամապատասխանեն գործնականում ձևավորված և ընդունված կանոններին։ Ներկայումս դրանք ամբողջությամբ թողնված են մարզպետարանի, իսկ համայնքների դեպքում՝ ավագանու հայեցողությանը»,-նշել է վարչապետը և հանձնարարել մշակույթի նախարարին և մարզպետներին՝ 2-ամյսա ժամկետում շահագրգիռ մարմինների, ինչպես նաև գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի և քաղաքների խորհրդանիշների, ձևաթղթերի և անհատականացման այլ միջոցներին ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանման և դրանք տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կողմից իրացման վերաբերյալ առաջարկություններ։

Share