Բաժին. Տնտեսական

Հստակեցվել են արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով կազմակերպվելիք մրցույթի պայմանները

Կառավարությունը որոշել է համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` 97.3709 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին նվիրաբերելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն: Նման որոշում ընդունելը բխում է կառավարության համապատասխան որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի» իրականացման նպատակներից: Արդյունքում կհստակեցվեն համայնքի վարչական տարածքում Մասրիկ 1 46-ից 55 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով կազմակերպվելիք մրցույթի պայմանները, մրցույթի մասնակիցների համար կորոշակիանա հողամասի կարգավիճակը և դրա նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման ծախսերի մեծությունը կդառնա հեշտ կանխատեսելի, ինչպես նաև կմեղմվեն հողամասի կարգավիճակով կամ դրա հատկացմանը վերաբերող խնդիրներով պայմանավորված մրցույթի ամփոփման երկարաձգման (ուշացումների) հնարավոր ռիսկերը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականով արևային էներգետիկայի զարգացման բնագավառում իրականացվում են այլ միջոցառումներ ևս: «Իրականացնում ենք նաև առաջին կուտակիչ կայանի նախահաշվային և նախագծային աշխատանքները, որոնք կավարտվեն ամենայն հավանականությամբ ապրիլ ամսին: Այս երկուսը միասին հնարավորություն կտան մեզ նախանշելու Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման իրական ուղենիշերը», – ասել է նախարարը:

Share