Բաժին. Տնտեսական

Արման Սահակյան. Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքի օտարման վերաբերյալ առաջարկներ կան

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի օտարման համար վարչապետի հանձնարարականով բանակցող հանձնաժողով է ստեղծվելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի հետ կապված գրեթե 6 աճուրդ ենք իրականացրել: Այս պահին առաջարկ ունենք, պատրաստվում է վարչապետի որոշման նախագիծ՝ ստեղծել բանակցող հանձնաժողով: Որոշումը շուտով կլինի, մենք կբանակցենք կողմի հետ, ով ցանկություն ունի ձեռք բերել նախարարության շենքը»,- ընդգծեց ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետը և հավելեց, որ բանակցությունների ժամանակ ուշադրություն են դարձնելու ներդրման չափերին, հասկանալու են, թե Հանրապետության հրապարակում ինչ կառույց է լինելու:

Սահակյանն ընդգծեց, որ բանակցությունից հետո իրենք անպայման կտեղեկացնեն արդյունքների մասին:

Share