Բաժին. Տնտեսական

ԿԲ. 2018թ. տնտեսական աճը կկազմի 4.7-5.8%

2018 թվականի համար ՀՀ Կենտրոնական Բանկը (ԿԲ) կանխատեսում է 4.7-5.8% տնտեսական աճ, որը մեծապես պայմանավորված կլինի մեր երկրում մասնավոր ծախսումների և արտահանման բարձր աճով: Ինչպես նշվում է ԿԲ-ի կողմից ներկայացված «Գնաճի հաշվետվություն» հրապարակման մեջ՝ 2018 թվականին ակնկալվող խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը, 2017 թվականին իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականության լագային ազդեցությունները, ինչպես նաև արտաքին աշխարհում բարենպաստ զարգացումները կշարունակեն դրական նպաստում ունենալ մեր երկրի համախառն պահանջարկի վրա:

Միևնույն ժամանակ, ԿԲ վերլուծաբանների դիտարկմամբ՝ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի զարգացումները մեծապես որոշվում են տնտեսության ներուժով: 2019 թվականին տնտեսական աճը գնահատվում է 4.5-5.9%, իսկ 2020 թվականին կլինի 4.4-6.0%-ի շրջանակներում: Նշված միջնաժամկետ տնտեսական աճերը պայմանավորված են ներդրումային ծրագրերի իրականացմամբ, Կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքով և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներով:

Նշենք նաև, որ ըստ ԿԲ վերջին գնահատականների՝ 2017 թվականին մեր երկրում տնտեսական աճը կազմել է 7.2-7.4%, որին հիմնականում նպաստել են մասնավոր հատվածի սպառման և ներդրումների աճը, մինչդեռ զուտ արտահանման նպաստումը եղել է բացասական:

Share