Բաժին. Տնտեսական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստանում ապրում է շուրջ 458 հազար կենսաթոշակառու՝ 43 հազար ՀՀ դրամ միջին թոշակով

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության` 2017 թվականի վերջի դրությամբ մեր երկրում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458 հազար 194 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 455 հազար 609 մարդ, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 1 հազար 984 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թվաքանակը՝ 601 մարդ:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարվա վերջին մեր երկրում կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 հազար 633.6 դրամ: Ընդ որում, կենսաթոշակի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Երևանում՝ 43 հազար 379.6 դրամ, իսկ ամենացածր ցուցանիշն՝ Արարատի մարզում, որտեղ կենսաթոշակի միջին չափը կազմել է 37 հազար 767.8 ՀՀ դրամ:  

Նշենք նաև, որ առավել մեծ թվաքանակով կենսաթոշակառուներ գրանցված են Երևանում՝ 168 հազար 845 մարդ, իսկ առավել քիչ թվաքանակով կենսթոշակառուներ ապրում են Վայոց Ձորում՝ 9 հազար 139 մարդ:

Share