Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. Ցորենի և ալյուրի շուկայում տնտեսավարողներն ավելացել են 5 անգամ

Ցորենի և ալյուրի շուկաներում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունն արձանագրել է, որ վերջին տարիներին ավելացել է նոր տնտեսավարողների թիվը, ինչի արդյունքում նվազել է ոլորտի կենտրոնացվածության աստիճանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, հանրապետության Նախագահի` այս տարվա հունվարի 10-ի  հանձնարարականի հիման վրա իրականացված ուսումնասիրությունն աննախադեպ լայնածավալ է եղել և ընդգրկել է արտադրության, ներկրման և իրացման ողջ շղթան: Արձանագրվել է մի էական հանգամանք ևս, տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նվազել են այս շուկայում խոշոր ընկերությունների մասնաբաժինները և ուժեղացել է մրցակցությունը: 2017 թվականին մեր երկրում ցորենի ներմուծման, տեղական արտադրության և իրացման ծավալները կազմել են 468 հազար տոննա: Շուկայում գերիշխող են «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ընկերությունները:

Ինչ վերաբերում է ալյուրին, ապա 2017 թվականին ներմուծման և տեղական արտադրության ծավալները կազմել են 198 հազար տոննա: Այս շուկայում,  ի թիվս «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ների, առկա են ևս 58 ընկերություններ, որոնք գործունեություն են իրականացնում հիմնականում մարզերում:

Եթե 2012 թվականին Հայաստան ցորենի ներմուծում է իրականացրել 22 տնտեսավարող, ապա 2017-ին ներմուծողների թիվը հասել է 85-ի: Ընդ որում, տնտեսավարողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից հետո, երբ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ լիիրավ անդամ: Այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և ռուսական ռուբլու արժեզրկմամբ:

Ինչ վերաբերում  է ալյուրի ներմուծողների թվի փոփոխությանը, ապա 2012 թվականին գործել են 23 տնտեսավարողներ, իսկ 2017 թվականին այդ գործունեությամբ զբաղվող ընկերությունների թիվը հասել է 133-ի: Ալյուրի դեպքում ևս, ներմուծողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից ի վեր, երբ Հայաստանը  անդամակցեց ԵԱՏՄ-ին:

Արդյունքում 2012 թվականից ի վեր ՀՀ-ում նկատվում է ալյուրի գնի նվազման ընդհանուր միտում: Մասնավորապես, եթե 2012 թվականի վերջին և 2013 թվականի սկզբին ՀՀ-ում 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը կազմում էր շուրջ 268 դրամ, ապա 2017 թվականի վերջին նույն տեսակի ալյուրի վաճառքի գինը կազմել է 204 դրամ, ինչը 2012 թվականի նույն ցուցանիշի համեմատ էժան է 24 տոկոսով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Նա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկել է բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացման դեպքերում ձեռնարկել կտրուկ միջոցներ, ուսումնասիրել հացահատիկի և ալյուրի շուկաներում գնագոյացումը և խնդիրների առկայության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Share