Բաժին. Տնտեսական

Առաջարկություններ կներկայացվեն Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարակականը Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ էր: «Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում»,-նշել է Կարեն Կարապետյանը։

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարման ուղղությամբ և 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի ձևավորման, ինչպես նաև Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ։

Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է նաև հստակ ձևակերպել և ձևավորել այն գործարարների այցերի ժամկետները, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Share