Բաժին. Տնտեսական

30 հազարի խնայողությունից մինչեւ փոքր ավիացիայի զարգացում

Երբ Հայաստանում խոսվում էր բաց երկնքի քաղաքականության մասին եւ քննարկվում էր օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգը, մենք ընդգծեցինք, որ այդ բաց երկնքին այնուամենայնիվ դռներ պետք են՝ ելնելով երկրի աշխարհաքաղաքական իրավիճակից եւ հենց նույն իրավիճակից ելնելով էլ չպետք է անտեսել փոքր ավիացիայի ոլորտը։ Ժամանակն ապացուցեց մեր իրավացիությունը։ Գործադիրը երեկվա նիստում մի որոշում է ընդունել, որով, ինչպես հավաստիացնում է, կստեղծվեն փոքր ավիացիայի զարգացման նախադրյալներ։ Այս մասին գրում է Հայաստանի Հանրապետությունը։

Կառավարությունը երեկ մի քանի որոշումներում փոփոխություններ կատարեց եւ որոշեց նաեւ վերակազմակերպել «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ընկերությունը «Հայաերոնավիգացիա» ընկերությանը միացնել։

Սրա անհրաժեշտությունը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց։ Բանն այն է, որ աերոնավիգացիոն սպասարկման շրջանակներում թռիչքների ապահովմանն ուղղված բոլոր տիպի տեղեկատվությունը, այդ թվում օդերեւութաբանական տվյալների տրամադրումն օդանավերի թռիչքային անձնակազմերին անմիջականորեն իրականացվում է «Հայաերոնավիգացիա» ընկերության կողմից։ Դրա համար վերջինս ավիաընկերությունների կողմից ճանաչվում է որպես աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող ու դրա համար պատասխանատու կողմ։ Սակայն իրավաբանական տեսանկյունից ավիաընկերություններն աերոնավիգացիոն սպասարկումներ ստանալու ու դրանց դիմաց համապատասխան վճարներ կատարելու համար պայմանագրեր են կնքում երկու տարբեր իրավաբանական անձանց հետ, որոնք միաժամանակ 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններ են։ Ստացվում է՝ վճարում են լրացուցիչ գումար, որը 30 հազար դրամ է։ Իսկ այսուհետ, նախագծի ընդունմամբ, մեկ մարմնի կողմից նշված ծառայությունների մատուցումը հնարավորություն կտա «Մեկ պատուհանի» սկզբունքը կիրառել։

Սա էլ, իր հերթին, ինչպես վստահեցնում է քաղավիացիայի պետը, դրական ու կառուցողական փոխհարաբերություններ կձեւավորի ավիաընկերությունների հետ։ Օդերեւութաբանական ծառայությունների սակագինը աերոնավիգացիոն ծառայությունների գործող սակագնի մեջ կներառվի՝ պահպանելով «Հայաերոնավիգացիա» ընկերության ներկայում սահմանած սակագինը։

«Սրա հետեւանքն էլ կլինի այն, որ օդային փոխադրումների սակագները նվազեն, ինչպես նաեւ ՀՀ փոքր ավիացիայի շրջանակում ներքին օդային փոխադրումների զարգացման նախադրյալներ կստեղծվեն»,–շեշտեց Սերգեյ Ավետիսյանը։

Այսինքն՝ ավիատոմսերն էժանանալու են։ Լրագրողների դիտարկմանն ի պատասխան քաղավիացիայի վարչության պետը նկատեց. «Այսինքն՝ ավելի տրամաբանված ու գործուն համակարգ է լինելու, խնայողությունն էլ այն է լինելու, որ օդերեւութաբանական ծառայությունների համար վարձավճարը՝ 30 հազար դրամը, ինչպես ասացի՝ վերանալու է։ Անուղղակի ձեւով ցանկացած բարեփոխում, որ արվում է ավիացիայի ոլորտում, ազդելու է տոմսի գնի վրա»։

Լրագրողները փորձեցին ճշտել նաեւ այն տեղեկատվությունը, ըստ որի՝ հայկական ավիացիոն շուկա մուտք է գործելու ռուսական ավիաընկերություններից մեկը, որը մենաշնորհային դիրք է ունենալու։ «Այստեղ մենաշնորհի մասին խոսելն անիմաստ է ու ճիշտ չէ,–պատասխանեց բանախոսը, – այո, ռուսական ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա։ Ուրախալի է այն, որ նոր ավիաընկերությունների մուտքը Հայաստան շարունակվում է։ Նոր ավիաընկերությունն ամենօրյա ռեժիմով չվերթներ է իրականացնելու դեպի Ռուսաստան, ինչը դրական է անդրադառնալու մրցակցության վրա։ Կրկնում եմ՝ մենաշնորհի մասին խոսելն անիմաստ է»։

Այնուհանդերձ՝ դեպի Ռուսաստան տոմսերը թանկ են. լրագրողների այս դիտարկմանն էլ Սերգեյ Ավետիսյանը երկրորդեց. «Տնտեսագիտության բազային կանոններն ասում են, որ ավելացող մրցակցությունը դրականորեն է ազդում գների վրա»։

Ինչեւէ, քաղավիացիայի գլխավոր վարչությունն ակնկալում է, որ օդային երթեւեկության կազմակերպում, կապ, նավիգացիա, դիտարկում եւ օդերեւութաբանական սպասարկման, ինչպես նաեւ աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն մատուցելու գործառույթները մեկ մարմնին վերապահելը կնպաստի կառավարման եւ ֆինանսական արդյունավետության բարձրացմանը, կապահովի տեխնիկական միջոցների ժամանակին համահունչ զարգացումը, ինչպես նաեւ թռիչքային անվտանգության միասնական համակարգի կիրառումը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Share