Բաժին. Տնտեսական

2017 թվականին Հայաստանը Ռուսաստանի հետ իրականացրել է շուրջ 1 մլրդ 712.9 մլն դոլարի առևտուր

2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 1 մլրդ 712 մլն 912.8 հազար ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 26%-ով: Արդյունքում, Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի շուրջ 27%-ը: Այս ցուցանիշով Ռուսաստանն առաջին տեղում է՝ որպես Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկեր:

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ հաշվետու տարում երկու երկրների միջև առևտրի ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 541.58 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 1 մլրդ 171.33 մլն ԱՄՆ դոլար: Տարեկան կտրվածքով արտահանման ցուցանիշն աճել է 44.6%-ով, իսկ ներմուծումը՝ 19.1%-ով:

Հարկ է նշել նաև, որ 2017 թվականի արդյունքներով Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանման կառուցվածքում կազմել է 24.1%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 28%:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել էր 1 մլրդ 336.97 մլն ԱՄՆ դոլար: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 15%-ով:

Share