Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագծում արված փոփոխությունները

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց առաջին ընթերցումից հետո օրենքի նախագծում արված փոփոխությունները: «Ցանկանում եմ տեղյակ պահել, որ նախագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո  Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում փաթեթի վերաբերյալ երկու քննարկում է տեղի ունեցել: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի կողմից մի շարք առաջարկներ են ներկայացվել, որոնք հիմնականում վերաբերվում են հակամրցակցային համաձայնությունների սահմանումներին, խտրական պայմանների սահմանումներին, համակենտրոնացումների թույլատրման դեպքերին: Քննարկումների արդյունքում այդ սահմանումները, դրույթները լրամշակվել են և հստակեցվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Արտակ Շաբոյանը:

Նա տեղյակ պահեց, որ կառավարությունը ներկայացրել է առաջարկ՝ կապված տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համագործակցության հետ: «Այսինքն, երբ կարգավորման ոլորտում լինում են տարաձայնություններ, թե խնդիրը որ հանձնաժողովի տիրույթում է գտնվում, այդ դեպքում դիմում են կառավարություն, և կառավարությունը հստակեցնում է, թե հարցը որ հանձնաժողովի քննարկման տիրույթում է գտնվում: Պրակտիկայում շատ են լինում դեպքեր, երբ սահմանազատելը դժվար է լինում»,- մանրամասնեց Շաբոյանը:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ «Ելք» խմբակցությունը ներկայացրել է առաջարկներ՝ կապված հանձնաժողովի անդամների լիազորությունների հետ: Նա հիշեցրեց, որ նոր Սահմանադրությամբ և քննարկման ներկայացված օրենսդրական փաթեթով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների նշանակումը կատարվելու է Ազգային ժողովի կողմից: «Ազգային ժողովն է կատարում հանձնաժողովի անդամների ընտրությունը ձայների պարզ մեծամասնությամբ: «Ելք» խմբակցության պատգամավորներն առաջարկել են, որ օրենքում նշված լինի նաև հանձնաժողովների անդամների ազատման հիմքերը: Մենք նախատեսում ենք, որ ազատման գործընթացը կիրականացվի Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքին համապատասխան»,- ասաց արտակ Շաբոյանը:

ՀՅԴ-ն առաջարկել է ընդդիմադիր խմբակցություններին ևս հնարավորություն տալ առաջարկներ ներկայացնել տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի թեկնածության վերաբերյալ:

Share