Բաժին. Տնտեսական

2017թ. շինարարության ոլորտ են ուղղվել 74 մլրդ դրամի միջազգային վարկային միջոցներ

2017 թվականին Հայաստանում միջազգային վարկային միջոցներով իրականացվել է շուրջ 74 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: 2016 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 20%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում մեր երկրի շինարարության ոլորտի առավել խոշոր միջազգային վարկատուները եղել են Ասիական Զարգացման Բանկն ու Համաշխարհային բանկը:

Այսպես, 2017 թվականի ընթացքում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ընդհանուր ծավալից 17.36 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկել Ասիական Զարգացման Բանկին, 15.66 մլրդ ՀՀ դրամը՝ Համաշխարհային Բանկին: Հարկ է նշել, որ չնայած Ասիական Զարգացման Բանկը և Համաշխարհային բանկը Հայաստանի շինարարության ոլորտի խոշոր օտարերկրյա վարկատուներն են, հաշվետու տարում այս կառույցների կողմից Հայաստանի շինարարության ոլորտ ուղղվող վարկային միջոցները կրճատվել են: Մասնավորապես, Ասիական Զարգացման Բանկը վարկային միջոցների տրամադրումը կրճատել է 31%-ով, իսկ Համաշխարհային բանկը՝ մոտ 30%-ով:

Միևնույն ժամանակ, թեև փոքր ծավալներով, բայց աճել են այլ վարկատուների կողմից տրամադրվող միջոցները: Հաշվետու տարում միջազգային վարկերի միջոցների հաշվին մեր երկրում իրականացված շինարարության ընդհանուր ծավալում Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի մասնաբաժինը կազմել է 1.8 մլրդ ՀՀ դրամ, Եվրոպական ներդրումային բանկինը՝ 9.4 մլրդ ՀՀ դրամ, Ռուսաստանինը՝ 9.7 մլրդ ՀՀ դրամ, իսկ Գերմանիայի զարգացման բանկինը՝ 826.3 մլն ՀՀ դրամ:

Հարկ է նաև նշել, որ 2016 թվականին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը մեր երկրի շինարարության համախառն ծավալում կազմել է 17.8%:

Share