Բաժին. Տնտեսական

ՓՄՁ ԶԱԿ-ի իրականացրած ծրագրերի շրջանակում ստեղծվել է 320 նոր աշխատատեղ

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն ապրիլի 16-ին ներկայացրեց կենտրոնի անցած տարվա գործունեության հիմնական ցուցանիշները և 2017 թ. հաշվետվությունը: Ասուլիսի ընթացքում Լևոն Մնացականյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում հիմնադրամի իրականացրած ծրագրերի շնորհիվ ստեղծվել է 320 նոր աշխատատեղ: «Դրանք հիմնականում ստեղծվել են մարզերում, քանի որ մեր գործունեությունը գերազանցապես ծավալվում է մայրաքաղաքից դուրս»,- նշեց Մնացականյանը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տնօրենը տեղեկացրեց, որ շուրջ  4700 ՓՄՁ-ի տրամադրվել է շուրջ 11000 աջակցություն: Ֆինանսավորվել է 79 փոքր և միջին ձեռնարկություն, տրամադրվել է 500 միլիոն դրամի վարկային երաշխավորություն: Գրանցվել է 82 նոր ՓՄՁ: Արձանագրվել է շահառու ձեռնարկությունների եկամուտների 17% աճ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կազմակերպած դասընթացներին մասնակցել է 710 ձեռնարկություն: Եվրամիության (ԵՄ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ), Ավագ փորձագետների հոլանդական կազմակերպության (PUM) աջակցությամբ և մասնագետների մասնակցությամբ իրականացված տեխնոլոգիական 12 դասընթացներին մասնակցել է 160 ձեռնարկատեր: Մշակվել է 4 տեխնոլոգիական ուղեցույց: Փոքր սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում հաստատվել է 19 նոր սպանդանոցի ստեղծման գործարար ծրագիր: «Անցած տարվա ընթացքում մեր ֆինանսավորած գործարարների 43%-ը եղել են կանայք»,- տվյալները կիսեց Լևոն Մնացականյանը:  

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում ավարտել է 12 ենթակառուցվածքային ծրագիր: Ոլորտային աջակցություն է տրամադրվել 40 ՓՄՁ-ի:  

Ըստ ՏՀԶԿ արևելյան համագործակցության երկրների ՓՄՁ քաղաքականության ինդեքս (OECD Eastern Partner Countries SME Policy Index 2016) զեկույցի, 2016 թվականի գնահատման արդյունքներով, Հայաստանն առաջատար դիրքում է ՓՄՁ ոլորտի զարգացման քաղաքականության մի շարք ցուցանիշներով: Իսկ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը ճանաչվել է տարածաշրջանում ՓՄՁ ոլորտին աջակցություն ցուցաբերող ամենադինամիկ կառույցներից մեկը:

Անցած տարվա նոյեմբերին, առաջինը Հայաստանում և երկրորդը տարածաշրջանում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն ստացավ EFQM որակի կառավարման միջազգային հավաստագիր: «Մեր կենտրոնի գործունեության արդյունավետության մասին խոսում է նաև վիճակագրությունը: 2017 թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ ստեղծված ՓՄՁ-ների 100 %-ը հաջողությամբ շարունակում են իրենց գործունեությունը»,- ընդգծեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

Ինֆորմացիոն աջակցության ծրագրերի շրջանակում ՓՄՁ-ներին աջակցություն է տրամադրվել ավելի քան 10300 անգամ: Աջակցությունը ներառել է խորհրդատվություն կազմակերպությունների գրանցման, իրավաօրենսդրական դաշտում փոփոխությունների, հարկային և մաքսային օրենսդրության, մտավոր սեփականության, արտահանման, լիցենզավորման, հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հարցերում:

ԱՄՆ ՄԶԳ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում մոտ 20 արտադրողի տրամադրվել է շուկաներում առաջ մղման և մարկետինգային աջակցություն: Այն ներառել է նոր բրենդների մշակում, կայքերի, ինֆորմացիոն նյութերի մշակում և տպագրություն, մարկետինգ սոցիալական ցանցերում:

2017 թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մոտ 80 ՓՄՁ մասնակցել  է տեղական և միջազգային ցուցահանդեսներին, հաստատել նոր գործարար կապեր:

2018 թ. մարտի 6-9 Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած սննդի արտադրության «Ֆուդեքս 2018» 43-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) աջակցությամբ գինու, շամպայնի, չրերի, կոմպոտների, մեղրի արտադրությամբ զբաղվող Հայաստանի 8 արտադրող ներկայացրեց ապրանքատեսականին: Արտադրողներից մի քանիսն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ճապոնացի ներկրողների հետ՝ ապրանքի առաջին նմուշները դեպի Ծագող Արևի Երկիր արտահանելու նպատակով:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը իր ծրագրերն իրականացնում է նաև Արցախում՝ այնտեղ գործող մասնաճյուղի միջոցով: Հիմնադրամը դեպի Արցախ պարբերաբար իրականացնում է փորձի փոխանակման այցեր:

2017 թ. մարտի 16-ին կայացել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» 2017 թ. մրցանակաբաշխությունը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մրցանակներ է հանձնել Երևանի և մարզերի 12 կին գործարարի: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը ավանդույթի համաձայն՝ ՓՄՁ ԶԱԿ-ի մրցանակ է հանձնել Արցախի 2 կին գործարարի: 27 կին գործարարի համար խրախուսական պատվոգրեր, նվերներ և մրցանակներ էին սահմանել նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր միջազգային և տեղական կազմակերպությունները: 

«Անցնող տարվա ընթացքում ընդլայնվել է համագործակցությունը միջազգային  կազմակերպությունների հետ՝ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ: 2017 թ. ԵՄ  և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և մեր գործընկեր կազմակերպությունների հետ մեկնարկեցինք «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը, շարունակվել են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և մեր մյուս գործընկերների հետ համատեղ իրականացվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագիրը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրի 2-րդ փուլը, ԵՄ «Էրասմուս՝ երիտասարդների համար» ծրագիրը»,- տեղեկացրեց Լևոն Մնացականյանը:  

2018 թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը շարունակելու է իրականացնել ՀՀ կառավարության ընդունած ՓՄՁ պետական աջակցության ռազմավարությունը և տարեկան ծրագրերը, գործընկերների հետ համատեղ շարունակելու է իրականացնել գործող և նոր սկսած ծրագրերը, նպաստել հայաստանյան ՓՄՁ-ների միջազգայնացմանը, նոր կապերի ստեղծմանը և արդեն հաստատված համագործակցության խորացմանը:

Share