Բաժին. Տնտեսական

Հայաստանի 5 արտադրող առաջին անգամ մասնակցել են Սինգապուրում անցկացվող միջազգային ցուցահանդեսին

Սինգապորում բացվեց «Food and Hotel Asia 2018» (FHA) 1978 թ.-ից անցկացվող  միջազգային ցուցահանդեսը: Այն խոշորագույններից մեկն  է ամբողջ Ասիայում: Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանի 5 արտադրող: Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 28-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից:

Հայկական ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին հնարավոր է դարձել Ճապոնիայի միջազգային համագործակցության և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցության շնորհիվ:

Հայաստանից ցուցահանդեսին ներկայացել են չրերի, բուսական թեյերի, սոճու կոնի օշարակի, պահածոների, հյութերի, կոմպոտների արտադրությամբ զբաղվող ընկերություններ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը նշեց, որ այս միջոցառումը հետևում է մարտի 6-9-ը Ճապոնիայում անցկացված «Ֆուդեքս» 2018 ցուցահանդեսին: «FHA-ի ընթացքում մեր արտադրողները հնարավորություն կունենան հայկական ապրանքատեսակները ներկայացնել ասիական ևս մեկ խոշոր շուկայում: Ճապոնիայում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների կուտակած փորձը կօգնի Սինգապուրի ցուցահանդեսի մասնակիցներին՝ ավելի ներկայանալի լինել:   

Ցուցահանդեսի բացման հենց առաջին օրը Հայաստանի տաղավարի շուրջ ակտիվությունը շատ բարձր էր:  Ցուցահանդեսին ձեռնարկատերերի մասնակցության արդյունքները կամփոփվեն առաջիկայում:

Սինգապուր կատարած այցի ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպեց Սինգապուրի համագործակցության կազմակերպության (Singapore Cooperation Enterprise, SCE) գործադիր տնօրեն Կոնգ Վայ Մունի հետ:

Կողմերն անդրադարձան FHA 2018 Singapore ցուցահանդեսին հայկական պատվիրակության և արտադրողների մասնակցությանը, ինչպես նաև քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ՓՄՁ աջակցության մեխանիզմների վերաբերյալ փորձի փոխանակմանը, Սինգապուրից դեպի Հայաստան տուրիստների ներգրավման նպատակով հայկական և սինգապուրյան տուրիստական կազմակերպությունների միջև համագործակցության միջոցառումների կազմակերպմանը և այլն:

Share