Բաժին. Տնտեսական

Գարնանացանի աշխատանքները շարունակվում են

Հանրապետությունում շարունակվում են գարնանացանի աշխատանքները։ Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը նշում է, որ գարնանացանի առումով տարին բավականին նպաստավոր էր. ունեցանք մեղմ ձմեռ և երկարատև գարուն և այս պահի դրությամբ գյուղացին  ավելի շատ հող է մշակում, քան նախորդ տարի։

Հանրապետության որոշ տարածքներում դեռևս ցանք է կատարվում, այլ տեղերում՝ արդեն բույսերի վեգետացիոն աճն է սկսվել։

Աշոտ Հարությունյանի խոսքով՝ այս պահի դրությամբ կանխատեսումները դրական են, և եթե Արարատյան հարթավայրում սակավաջրության հարց չլինի, ապա գյուղատնտեսության համար նպաստավոր տարի կարող ենք ակնկալել։

Ընթացքի մեջ են պետական աջակցության ծրագրերը։ Այս տարի ՌԴ-ից ներկրվել է բարձր վերարտադրության հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմացու՝ 5-ական տոննա ոսպ, ոլոռ և սիսեռ, որոնք տրամադրվել են մասնագիտացված ֆերմերներին՝ դրանց վերարտադրությունը կազմակերպելու և ավելացած քանակություները հետագայում մյուս հողօգտագործողներին տրամադրելու նպատակով։

Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի  իրականացման արդյունքում իրացվել է շուրջ 225 միավոր գյուղտեխնիկա:

«Սա կարծում եմ աննախադեպ ծրագիր է, որովհետև վերջին տարիներին օգտագործվող տեխնիկան հիմնականում  բավականին մաշված էր, և սրանով ֆերմերները հնարավորություն են ունենում օգտվել ինչպես ռուսական, բելառուսական, եվրոպական, ամերիկյան արտադրության  գյուղտեխնիկայից, որը կարծում եմ բերելու է արդյունավետության բարձրացմանը գյուղատնտեսության մեջ », – նշել է փոխնախարար  Ռոբերտ Մակարյանը։

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է լիզինգի փորձնական ծրագիր իրականացնել գյուղատնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ սառնարանային տնտեսությունների, ջերմոցների, չորանոցների ստեղծման համար։

Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում միայն 2018 թվականի ապրիլ ամսին, օպերատիվ տվյալներով, տրամադրվել է ավելի քան 1450 մլն դրամի 350 միավոր վարկ, մեկ վարկի միջին չափը կազմել է 4,14 մլն դրամ:Ծրագրին ակտիվորեն մասնակցում են հատկապես Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի ֆերմերները:

2018 թվականի ընթացքում արդեն 8 ընկերություն ավելի քան 2 մլրդ դրամի վարկի հայտ է ներկայացրել մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար։

«Ստեղծվում է բարենպաստ միջավայր, որպեսզի վերամշակողները կարողանան օգտվել էժան ռեսուրսից և գյուղացին կարողանա երաշխավորված իրացնել իր բերքը», – ընդգծել  է փոխնախարարը:

Միաժամանակ Ռոբերտ Մակարյանը հորդորել է վերամշակող ընկերություններին և գյուղացիական տնտեսություններին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը։

Share