Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. Նոր կառավարության ծրագիրը չի նախատեսում արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխություն

Հայաստանը տրամադրված է շարունակել ակտիվ փոխգործակցությունը ԵԱՏՄ գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի լայն կազմով նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոփոխություն, նոր ձևավորված կառավարության ծրագիրը հայեցակարգային առումով չի նախատեսում արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխություն: «Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, ինչպես նաև տարբեր խոչընդոտների առկայությունը դեռևս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապես կոնկրետ և շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները։

«Կարծում եմ՝ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը և ամեն օր տեսանելի արդյունքների հասնելու հետևողականությունը կարող են կրճատել նման քննարկումների ծավալը: Հայաստանը շահագրգռված է դրանում և ելնում է նրանից, որ, նախ և առաջ անհրաժեշտ է ապահովել առևտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր և նոր տեխնոլոգիաների վրա, գործնականում ապահովել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար, գտնել հանգույցներ այն հիմնահարցերի շուրջ, որոնք ուղիղ ազդում են կյանքի որակի վրա: Ի վերջո, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները տեսանելի կերպով չեն զգացվում քաղաքացիների կողմից, ապա դրանք վերածվում են«վիճակագրության»,-հավելեց ՀՀ վարչապետը։

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն անդամ-պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ Բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, ինտեգրացիոն կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Նիստն անցկացվել է նեղ և ընդլայնված կազմերով։

Share