Բաժին. Տնտեսական

Վիճակագրության ոլորտը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից. վարչապետ

Կառավարության որոշմամբ Վարդան Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ԿԱ առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից, Դավիթ Անանյանը նշանակվել է ՊԵԿ-ի նախագահ։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Դավիթ Անանյանի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին մաքսակետերում, հատկապես միջնորդ կազմակերպությունների կողմից իրականացվող ինքնիրավչության, գանձվող գումարների զանազան մեխանիզմների, ինչպես նաև փոքր բիզնեսի նկատմամբ վերջին օրերին իրականացվող գործողությունների վրա:

Գործադիրի որոշումներով Ֆիրդուս Զաքարյանն ազատվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ Գագիկ Հայրապետյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Կառավարությունն ընդունել է «ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Ստեփան Մնացականյանը նշանակվել է վիճակագրական կոմիտեի նախագահ, իսկ Գագիկ Անանյանը, Գագիկ Գևորգյանը, Նելլի Բաղդասարյանը, Վանուշ Դավթյանը և Լիլիթ Պետրոսյանը՝ վիճակագրության պետական խորհրդի անդամներ՝ վեց տարի ժամկետով: «Մենք պետք է լրջորեն աշխատենք՝ վիճակագրական կոմիտեի և ընդհանրապես Հայաստանում պաշտոնական վիճակագրության վստահելիության մակարդակը հանրության շրջանում ավելացնելու համար, որովհետև սա չափազանց կարևոր հարց է: Եվ գործող օրենսդրությունը, և տրամաբանությունը հուշում են, որ վիճակագրության ոլորտը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից և մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Share