Բաժին. Տնտեսական

Վարչապետը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտում առկա դրական միտումներն առավել զարգացնելու կողմնակից է: «Այլընտրանքային էներգետիկայի զարգացումը վերջին 1.5 տարվա ընթացքում բավականին լավ տեմպերով զարգանում է, պետք է սա շարունակել ու հնարավորինս մեծ թափ հաղորդել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադարձել է նաև մի շարք ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանն ու Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ պատրաստ է այս ընթացքում իր կուտակած փորձն ու գիտելիքները կիսել նախարարության ու նախարարի հետ: «Վստահ եմ, որ այս ոլորտում ծրագրերի շարունակականությունը կարևոր նախապայման է զարգացման համար»,-ասել է Մանուկյանը։

Նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար և վստահեցրել, որ սեփական հմտությունները և կարողությունները կկարողանա ծառայեցնել գործին՝ ապահովելու համար ոլորտի կայուն զարգացումն ու էներգետիկ անվտանգությունը:

Share