Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-ապրիլին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 9.7%-ով

2018թ. հունվար – ապրիլ ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.2%-ով, գյուղատնտեսության  համախառն արտադրանք՝ 2.2%, շինարարությունը՝ 21.8%-ով, առևտրի շրջանառությունը՝ 10.3%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 17.6%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 522.115 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 787.571 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 487.108 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 129.455 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 64.760 մլրդ ՀՀ դրամ:

Share