Տնտեսական | 14:56 06/06/18

Ապարանում արևային էներգիայի արտադրության համակարգի գործարկումը թույլ կտա մեծ գումարներ տնտեսել

Ապարանում արևային էներգիայի արտադրության համակարգի գործարկման շնորհիվ համայնքը կտնտեսի մեծ գումար: Համայնքում արդեն 60 հայտ է ստացվել, դիմողներն իրենց տան տանիքներին արևային համակարգեր տեղադրելու ցանկություն են հայտնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ապարանի փոխհամայնքապետ Հրայր Մկրտչյանը:

«Ապարանում արևային օրերի թիվը շուրջ 290 է: Եվ մենք մեր ռազմավարության գերակա ուղղություն ենք համարում արևային տեխնոլոգիաների կիրառումը: Արևային էներգիայի արտադրության համակարգի շնորհիվ տնտեսելու ենք մեծ գումար: Համայնքային ենթակառույցների վրա ուզում ենք տեղադրել արևային կայաններ: Դրա արդյունքում մոտ 30 կիլովատտ արևային էներգիա ենք ունենալու մեր համայնքային ենթակառույցների վրա: Մենք տարեկան էլեկտրաէներգիայի համար վճարում ենք մոտ 25-30 մլն դրամ: Ողջ համայնքը արևային էներգիայով ապահովելու համար անհրաժեշտ են մոտ 200 կիլովատտ հզորությամբ արևային կայաններ: Դրանք մեզ կտան մոտ 30 մլն դրամի տնտեսում: Այդ գումարը կուղղորդվի սոցիալական այլ ծրագրերի»,-ասաց Հրայր Մկրտչյանը:

Արևային համակարգի տեղադրման համար Ապարանում դիտարկում են երկու տարբերակ՝ համայնքապետարանի կամ մշակույթի շենքերը: Փոխհամայնքապետի հավաստմամբ՝ ամենաշատը հենց այդ շենքերում են վճարում էլեկտրականության համար: Համակարգի կառուցման ժամանակը երեք տարի է: Պատրաստ կլինի 2019-ին: Փոխհամայնքապետի խոսքով՝ տարբեր բնակավայրերում իրականացվում են իրազեկման միջոցառումներ, ինչի արդյունքում 60-ից ավելի հայտ կա, որով բնակիչները ցանկություն են հայտնել իրենց տան կտուրին արևային համակարգեր տեղադրել:Ապարանի գյուղական բնակավայրերում ջրի պոմպերն օգտագործում են բավականին մեծ հոսանք, նախատեսվում է այդ հատվածներում ևս տեղադրել արևային կայան:

«Համայնքների միության» նախագահ Էմին Երիցյանի խոսքով՝ Ապարանում այդ համակարգերը դնելուց հետո ստեղծվելու է նաև հիմնադրամ: Այն հնարավորություն է տալու համայնքի բնակիչների հետ աշխատել, իրազեկել նրանց արևային էներգիայի օգտագործման դրական կողմերի մասին: «Բավականին լավ ու հետաքրքիր փորձ է ձևավորում այդ համայնքում»,-եզրափակեց նա:

Արևային էներգիայի արտադրության համակարգը կկառուցվի «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» և «Համայնքների միություն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ու Եվրամիության ֆինանսական աջակցությամբ՝ «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում: Համայնքը տալիս է ողջ գումարի մոտ 15 տոկոսը, մնացած գումարը վճարում է ԵՄ-ն: