Բաժին. Տնտեսական

Ըստ Կառավարության որոշման՝ ընդերքօգտագործումը կդառնա առավել բաց և հասանելի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ին վարել է կառավարության հերթական նիստը, որի ժամանակ սահմանվել են ընդերքօգտագործման հետ կապված գործունեությանը վերաբերող հրապարակային հաշվետվությունների լրացման, դրանք կազմելու և լիազոր մարմին և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից իր պաշտոնական կայքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկության հրապարակման կարգը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Վարչապետի պաշտոնական կայքից։ Որոշման ընդունմամբ նշված ոլորտի հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկությունը հանրության համար կդառնա առավել բաց և հասանելի:

ՀՀ ժողովրդագրական պետական քաղաքականության հաջող իրականացումը պահանջում է նոր, թիրախավորված միջոցառումներ, որոնք կարող են որակական փոփոխություն մտցնել երիտասարդ և բազմազավակ ընտանիքների եկամտի, կենսապայմանների և սոցիալական այլ խնդիրների լուծման բնագավառում: Դրանցից մեկը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքի սահմանումն էր: Կառավարությունն իր այսօրվա նիստում այդ աջակցության տրամադրման նպատակով իր նախկին որոշումներից մեկը լրացրել է՝ սահմանելով աջակցության իրականացման կարգը: Դրանով ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխման շարունակությունը և մեծացնել մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու և երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունը: Բացի այդ, ներկայումս իրականացվում են զբաղվածության ոլորտի պետական քաղաքականության մի շարք բարեփոխումներ՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրները:

Գործադիրը համաձայնություն է տվել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղուն հարող հողամասը անհատույց սեփականության իրավունքով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին նվիրաբերելուն: Ծրագրով նախատեսվում են ՎԶԵԲ-ի 11 միլիոն եվրո ֆինանսական աջակցությամբ (5.5 մլն եվրոն՝ դրամաշնորհ) կառուցել ԵՄ չափորոշիչներին համապատասխան տարածաշրջանային աղբավայր, որը պետք է սպասարկի նշված երկու մարզի 12 քաղաքային համայնքի:

Share