Բաժին. Տնտեսական

Ես ընկրկող չեմ․ Արծվիկ Մինասյանը մեկնաբանել է իր և վարչապետի միջև բանավեճը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նորմալ աշխատանքային պրոցես է համարում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանը կոչ արեց հիմնվել վերջնական եզրակացության վրա, որ հնչեցրել է վարչապետը: «Իսկ հնչեցված հարցը հետևյալն է՝ պարտադիր կուտակայինի հարցը մեր կառավարության համար փակված չէ: Դրա սահմանադրականության, արդյունավետության խնդիրն առաջիկայում կքննարկվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մինասյանը:

Հարցին՝ ինչո՞ւ մինչև վերջ իր սկզբունքը չի պահել, Արծվիկ Մինասյանը հակադարձեց, որ իր սկզբունքը պահել է: «Կարծում եմ, որ այդ սկզբունքը շատ հստակ է: Ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ մնալ դեմ, քանի դեռ հակառակի մեջ համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին էր, այլ հուլիսի մեկից ուժի մեջ մտնող նախագծի մեղմացման մասին էր»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե վերջին պահին ընկրկել է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Չկա այդպիսի բան: Ես ընկրկող չեմ: Ես ձեզ առաջարկում եմ առաջիկայում, երբ մենք պարտադիր կուտակային բաղադրիչը սահմանադրականության տեսակետից քննարկման առարկա կդարձնենք, այն ժամանակ դուք հիշեք այս քննարկումները, և մենք կխոսենք»,- ընդգծեց Մինասյանը:

Կառավարությունը բուռն քննարկումների արդյունքում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:

Share