Բաժին. Տնտեսական

Վահան Քերոբյան. Menu.am-ը կդադարեցնի իր գործունեությունը

Հայկական «Մենյու» (menu.am) ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է ․ «Menu.am-ը կդադարեցնի իր գործունեությունը կամ Առաքվող քյաբաբի կյանքում ոչինչ չփոխվեց։

Menu.am-ը թափանցիկ ընկերություն է, որտեղ աշխատում են մոտ 100 աշխատակից և 250 առաքիչ: Մեզ հետ աշխատող մոտ 500 ռեստորանները մեզ հետ գործունեության արդյունքում լրացուցիչ 1000 աշխատատեղ են ստեղծել: Մենք ամսական վճարում ենք մոտ 15 մլն հարկ, իսկ մեզ հետ աշխատող առաքիչները՝ ևս 5մլն: Մենք ունենք մոտ 200 հզ ակտիվ հաճախորդ Հայաստանում:

Այսօր Կառավարությունն իր 23րդ որոշմամբ անփոփոխ թողեց հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային Օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի լրացուցիչ 16,67%-ով հարկվի: Դա նշանակում է, որ ռեստորանների համար menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր: Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ են ռեստորաններն այժմ աշխատում մեզ հետ. հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային Օրենսգրքի փոփոխությունը, որն այսօր չեղարկվեց, թույլ էր տալիս մեզ համոզել ռեստորաններին «դիմանալ», քանի որ օրենքը փոխվում էր «դեպի լավը»: Որպեսզի շատ հստակ լինի, որևէ հարկային բեռի փոփոխություն հենց Menu.am-ի մասով չի եղել և չէր էլ լինելու, մենք մեր հարկերը վճարել ենք ու կվճարենք. բոլոր փոփոխությունները վերաբերում են ռեստորանների հարկման ռեժիմին և մեր պայքարը առաքվող և տեղում սպառվող ուտելիքների անհավասար հարկային ռեժիմները չեղարկելուն է վերաբերվել:

Ես չեմ փորձում շանտաժի ենթարկել Կառավարությանը, բայց այս պահին մենք որևէ այլ ելք չենք տեսնում, քան պատրաստվել «կատաղի» դիմադրության՝ հանրային սննդի առաքման շուկան մահացու հարկային բեռից ազատելու համար: Մեր իրավաբանները կուսումնասիրեն հնարավոր բոլոր սցենարները և եթե պարզվի, որ մենք ունենք միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա մենք կդադարեցնենք մեր գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխենք մեր գործունեության այլ երկիր: Մենք չենք պատրաստվում ստորանալ (կամ ստվերանալ) այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում:

Իմ բոլոր ընկերներին և menu.am-ի բոլոր հաճախորդներին խնդրում եմ այս գրառմամբ կիսվել (share անել), որպեսզի հնարավորինս լսելի դառնա մեր ձայնը:

Շնորհակալություն!

Հ.Գ. Մենք շուտով մամլո ասուլիս ենք հրավիրելու այս առթիվ, որպեսզի ավելի մանրամասն բացատրենք մեր տեսակետը և դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությանը նախորդող հակաժողովրդական կառավարության կողմից մտածված թունավոր օրենքների իրական իմաստը»։

Share