Բաժին. Տնտեսական

Արայիկ Հարությունյանը «Արարատյան բակալավրիատ»-ի աուդիտի հետ կապված նոր մանրամասներ է հայտնել

«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրին պետական բյուջեից հատկացումների արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտվել է։ Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, պարզվել է, որ 2017-ին հատկացված 666 միլիոնից շուրջ 280 միլիոն դրամը չի ծախսվել, հետագայում ձևավորվել է որպես կանխավճար: «Ես որոշել եմ ու հանձնարարական եմ տվել, որ մեր ներքին աուդիտի կողմից ուսումնասիրվի 2015-ից սկսած գործունեությունը, երբ վճարումները սկսվել են, որպեսզի տեսնենք գումարների փոխատեղումներն ինչպես են լինում: Խումբ կձևավորվի, որը մոնիթորինգի կենթարկի արդյունքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ հունիսի 14-ին հանդիպել է «Արարատյան բակալավրիատ»-ով վերապատրաստված ուսուցիչների և թեկնածու դպրոցների տնօրենների հետ, լսել է նրանց հնչեցրած մտահոգություններն ու առաջարկությունները, խոստացել դրանք ևս մեկ անգամ քննարկել:

Հարցադրմանը՝ հնարավոր է, որ եկող սեպտեմբերից որոշ դպրոցներում այդ կրթական ծրագիրը չներդրվի՝ չնայած ներդրումն արդեն նախատեսված էր, նախարարն ասաց. «Այս պահին դրա հետ կապված որևէ որոշում չկա»:

ՀՀ Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, ով «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրն է,  Հայաստանի կրթական համակարգին ամենամեծ վնասը հասցրած անձանցից է, քանի որ փորձ է արել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում «էլիտարիզացնել կրթությունը»: «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը ստեղծվել է «Այբ» հիմնադրամի կողմից: Նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնարարել է «Արարատյան բակալավրիատ»-ի ֆինանսական աուդիտ իրականացնել: Տեր Մեսրոպ քահանա Արամյանն էլ հայտնել էր, որ իրականացվում է ոչ թե աուդիտ, այլ ուսումնասիրություն:

Ֆեյսբուքյան գրառման միջոցով Տեր Մեսրոպ քահանա Արամյանն իր խոսքն էր ուղղել ՀՀ վարչապետին՝ հարց բարձրացնելով՝ արդյոք տեղյակ է նա տեղի ունեցածին և կիսում է ԿԳ նախարարի կեցվածքը: «Եթե ոչ, ժամն է որոշում կայացնելու: Եթե կասեցվում է ԱԲ-ի մուտքը դպրոցներ, և այս սեպտեմբերից նախատեսված 14 մարզային դպրոցները չեն սկսում ԱԲ-ի ծրագիրը, ապա կոպտորեն ոտնահարվում է հազարավոր երեխաների կրթության իրավունքը, և արժեզրկվում են պետության կողմից կրթությունը բարելավելու բոլոր խոստումները»,-գրել էր նա:

Share