Բաժին. Տնտեսական

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ու առաջին գործարանը, որտեղ կարտադրվի կապույտ բորբոսով պանիր

Մասդայեր ֆունդ ընկերության հիմնադիր Մատեո Զիջերվելդն իր թիմով Հայաստանում է։ Հոլանդացի պանրագործն այստեղ է՝ հետևելու համար պանրի գործարանի կառուցմանը, կաթի մթերման ու պանրի ստացման աշխատանքներին։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվում է գործարանից և բարձրորակ սարքավորումներից, ամեն ինչ պետք է համապատասխանի եվրոպական ամենաբարձր չափանիշներին։

Գործարանը տարածաշրջանում միակն ու առաջինն է, որտեղ կարտադրվի կապույտ բորբոսով պանիր (ռոքֆոր)։ Տարեկան գործարանին պետք կգա 10 մլն լիտր կաթ․ «Հայաստանում տարեկան արտադրվում է մոտավորապես 300 հազար տոննա կաթ, և այս գործարանը տարեկան ի վիճակի է լինելու մոտ 30 հազ․ լիտր կաթ մթերել շահագործման առաջին փուլում։ Երկրորդ փուլում կարելի է հասնել մինչև 60 հազար տոննայի, դրանով Հայաստանում շատ լուրջ խնդիր է լուծվում կաթնարտադրության ոլորտում»,-նշեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

Գործարանը նախատեսում է տարեկան արտադրել 1200 տոննա պանիր, արտադրական ամբողջ հզորությունն օգտագործելու դեպքում՝ 2000 տոննա։

Նշենք, որ գործարանը նախագծել են գերմանացի մասնագետները, պանրի արտադրության համար կօգտագործվեն հոլանդական պանրագործության լավագույն ավանդույթները, հումքը կլինի հայկական կաթ։

Տեսանյութը՝ Արմենիա ԹիՎի

Share