Բաժին. Տնտեսական

Հայաստանում ներդրումների ոլորտը բավական գրավիչ է․ ԱՄԷ դեսպան

Արաբական Միացյալ Էմիրությունները հետաքրքրված է Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 21-ին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասիմին:

Նրա խոսքով՝ Հայաստանում ներդրումների ոլորտը բավական գրավիչ է, կա կայունություն, ինչպես նաև տնտեսական զարգացում է նկատվում, և լավ հնարավորություններ կան ներդրումներ կատարելու համար, ինչին ամեն կերպ աջակցում է դեսպանությունը: «Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճ է գրանցել: 2016 թվականին այն կազմել է 119.3 միլիոն դոլար, 2017-ին արդեն հասել է 249.3 միլիոն դոլարի»,-նշեց դեսպանը:

Նա ասաց, որ երկու երկրների միջև տնտեսական ոլորտը իր առանձնահատուկ դերն է խաղում: «Հայաստանում ներդրումները հիմնականում էներգետիկայի ոլորտում են, դրանք կարող են լինել ուղղակի կամ համագործակցությամբ հայերի հետ: Ներդրումներ ունենք նաև զբոսաշրջության ոլորտում, առևտրի ոլորտում, ինչի վառ օրինակն է «Քարֆուր»-ը Հայաստանում և առաջիկայում նոր ոլորտներ ևս բացվելու են ներդրումների համար»,-ասաց դեսպանը՝ նշելով, որ հայերը Արաբական Միացյալ Էմիրություններում ևս մի շարք ոլորտներում են կենտրոնացված, քանի որ Էմիրությունները ևս ներդրումների համար լավ երկիր է, ինչպես Հայաստանը:

Ջասսիմ Մուհամմադ ալ Կասիմիի խոսքով՝ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները կարելի է գնահատել որպես գերազանց և զարգացած հարաբերություն: Անդրադառնալով երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններին, դեսպանը նշեց, որ դրանք զարգանում են շարունակապես: «Փոխայցեր են տեղի ունենում երկու երկրների պաշտոնյաների միջև: Մենք շատ հետաքրքրված ենք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովով, որը կայանալու է հոկտեմբերին Երևանում: Ընտրել ենք հենց այս գագաթնաժողովը, որ տեղի է ունենալու այս երկրում, որպեսզի հայտարարենք, որ ԱՄԷ-ն ուզում է դառնալ Ֆրանկոֆոնիայի մշտական անդամ»,-ասաց ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանն իր ուրույն տեղն ունի Էմիրությունների համար:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե առաջիկայում երկու երկրները հատկապես որ ոլորտներում ակտիվ կհամագործակցեն, դեսպանը նշեց, որ մի շարք ոլորտներ բաց են երկու երկրների գործակցության համար: «Համագործակցության կարևոր ոլորտներից են մշակութայինը, տնտեսությունը: Մենք, իհարկե, հետաքրքրված ենք երկու երկրներում առկա ներդրումների հնարավորություններով, շատ կարևոր են նաև զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտները»,-ընդգծեց դեսպան Կասիմին:

Share