Բաժին. Տնտեսական

ՊԵԿ-ում շարունակվում են ոլորտային հանդիպումները

Քննարկվել են տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման հարցերը։

Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկումը մսամթերքի, թռչնամսի, ձվի արտադրության ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարևորել է տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման անհրաժշետությունն, ընդգծելով, որ ՊԵԿ-ը հետևողական է լինելու, որպեսզի տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործող հարկային օրենսդրության շրջանակում ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, դիտարկվել կարգավորման ուղիները: Զերծ մնալով վարչարարական խիստ գործիքների կիրառումից,ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորել է՝ գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում, խստագույն պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները, ապրանքներն առաքել բացառապես հարկային հաշիվներով կամ հաշվարկային փաստաթղթերով:

Հանդիպումն անցել է ակտիվ երկխոսության մթնոլորտում. գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել ու տեղում պատասխաններ ստացել: Երկկողմ պատրաստակամություն է հայտնվել՝ հանդիպման նման ձևաչափը դարձնել պարբերական։

Share