Տնտեսական | 15:01 27/06/18

Հայաստանը շարունակելու է իր գործունեությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքներում

Հայաստանը կարևորում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությունն ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կազմակերպության աշխատանքներում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով դրա տնտեսական բաղադրիչին:

Երևանում կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նա նշեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ էր նախագահել կազմակերպությունում: Այդ ընթացքում  կենտրոնացել են կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթ՝ առևտրի և տնտեսական զարգացման, հեռահաղորդակցության, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, գիտության, տեխնոլոգիաների, փոքր և միջին ձեռնարկատիրության և այլ ուղղությունների վրա:

«Հայաստանի համար մեծ պատիվ էր նախագահել այս կազմակերպությունում: Նշեմ, որ մեր երկիրը երկու տարի ժամանակահատվածով համակարգում է կազմակերպության տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը: Ինչպես գիտեք, այդ ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է, և մենք կարևորում ենք այդ ոլորտում միջազգային համագործակցության առավելագույն խորացումը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Նազարյանը՝ հավելելով, որ այս տարվա մայիսին հաստատվել է ՀՀ-ի կողմից ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների փոքր և միջին ձեռնարկատերերի համար նախագիծը:

Նա նաև նշեց, որ այսօր արտաքին գործերի 36-րդ հանդիպման ժամանակ ամփոփել են կազմակերպությունում Հայաստանի նախագահության ընթացքում կատարված աշխատանքները և արդյունքները: «Ինչպես հայտնի է, Հայաստանը նախագահությունը ստանձնել է 2017 թվականի դեկտեմբերին: Սա կազմակերպությունում մեր երկրի 5-րդ նախագահությունն էր, որի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը վարել է աշխատանքային խմբերի 14 հանդիպում, արտաքին գործերի նախարարների խորհրդի 1 նիստ, ավագ պաշտոնատար կոմիտեի 2 նիստ: Տեղի է ունեցել երկու նախարարական հանդիպում կրթության և զբոսաշրջության հարցերով, որոնց արդյունքներով ընդունվել են հռչակագրեր»,-նկատեց փոխնախարարը: Նրա խոսքով՝ նախագահության շրջանակներում Հայաստանը սերտորեն համագործակցել է կազմակերպության մարմինների, դիտորդ և ոլորտային երկխոսության գործընկերների կարգավիճակ ունեցող երկրների և կառույցների հետ, որոնցից շատերն այսօր մասնակցել են նիստին և առիթ են ունցել իրենց ներդրումը բերել նախարարական հանդիպմանը և քննարկումներին:

ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսն էլ գոհունակությամբ փաստեց, որ երևանյան հանդիպմանը մասնակցում էին պատվիրակություններ անդամ բոլոր երկրներից: «Հաճույքով կարող եմ փաստել, որ այս հանդիպմանը ներկայացված էին մեր 12 անդամ երկրների ներկայացուցիչներն իրենց պատվիրակություններով: Ավագ պաշտոնյանների աշխատանքի ընթացքում ընդունվեցին կարևոր որոշումներ, որոնցով նոր նախաձեռնություններ ու ձեռնարկներ են նախանշվում»,-ասաց արտասահմանցի պաշտոնյան:

Նա նկատեց, որ այս կազմակերպությունն ամենից հասունն է տարածաշրջանում, որ ջատագովում է տնտեսական զարգացումն անդամ երկրներում: Մայքլ Քրիստիդեսը հավելեց, որ իրենց գործունեության ընթացքում շատ բաների են հասել, իսկ այսօրվա հանդիպումը վերահաստատեց այդ նվաճումները: «Շատ կարևոր հանդիպում էր, շնորհակալ ենք ջերմ հյուրընկալության և գերազանց կազմակերպելու համար: Այսօրվա հանդիպումը կարևոր էր խորհրդանշական ու էական պատճառներով: Խորհրդանշական, քանի որ հունիսին մենք նշեցինք մեր կազմակերպության 26-ամյակը, ինչպես նաև մեր կանոնադրության 20-րդ հոբելյանը: Էական պատճառն էլ այն ինտենսիվ գործունեությունն էր, որը վարեց Հայաստանը նախորդ վեց ամիսներին իր նախագահության ժամանակ»,-նշեց ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը:

Երևանում հունիսի 27-ին կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը, որից հետո Հայաստանն Ադրբեջանին փոխանցեց նախագահությունը ՍԾՏՀԿ-ում: