Բաժին. Տնտեսական

Ատոմ Ջանջուղազյանը՝ գնումների ոլորտին առնչվող օրենքի փոփոխությունների մասին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորների ներկայացրած «Գնումների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է գնումների համակարգի միջոցով տեղական արտադրությունը խթանել այնպիսի մեխանիզմով, որը ենթադրում է գնման պայմանագրի արտոնյալ պայմաններով շնորհում:

«Սակայն նախագիծը թերի է, քանի որ դրանով սահմանված չէ տեղական արտադրողներին նախապատվության տրամադրման շեմը, օրինակ՝ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ՀՀ-ում արտադրված ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկը կրկնակի, եռակի անգամ գերազանցի օտարերկրյա ծագում ունեցող ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկից: Այս պարագայում հիշյալ նախապատվության տրամադրումը կհանգեցնի տնտեսապես ոչ շահավետ գնումների կատարմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջանջուղազյանը:

Share