Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանին ընդունել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:

Ողջունելով հյուրերին նախարար Լևոն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և համատեղ աշխատելու պատրաստակամության համար. «Այսօրվա հանդիպմանը կնախանշվեն այն խնդիրները, որոնք առկա են երկու նախարարությունների համագործակցության տիրույթում, ինչպես նաև կկազմվի հետագա աշխատանքների պլան, որը պետք է լինի թեմատիկ քննարկումների շրջանակներում` ներգրավելով ոլորտի պատասխանատուներին և գործարար աշխարհի ներկայացուցիչներին»,-հայտնել է Լևոն Գրիգորյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարևորելով Արցախի Հանրապետության հետ համագործակցությունը հայտնել է. «Այստեղ կա շատ լուրջ համագործակցության հնարավորություն և մեխանիզմ, որը պետք է փորձենք երկու գերատեսչություններով արդյունավետ իրացնել: Արցախում գործող տնտեսվարող սուբյեկտները որևէ խնդրի առաջ չպիտի կանգնեն, ավելին՝ պիտի ավելի լավ վիճակում լինեն, քան Հայաստանում գործող կազմակերպությունները: Դա պետք է մեզ ոչ միայն Արցախում ստեղծված բարիքը առավել արդյունավետ միջազգային շուկաներում իրացնելու համար, այլ նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմքում մայրաքաղաք Երևանից դուրս տնտեսական ակտիվության խրախուսման ու քաջալերման համար»,-ասել է Արծվիկ Մինասյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը անդրադարձել է նաև Հայաստանի և Արցախի համատեղ աշխատանքների իրականացման համար նախատեսվող ծրագրերին:

Հանդիպմանը քննարկվել է երկու նախարարությունների համագործակցության տիրույթում գտնվող խնդիրները, մասնավորապես արցախյան արտադրանքի միջազգային արտահանումը, որակի ենթակառուցվածքների (սերտիֆիկացում, հավատարմագրում) զարգացման հարցում փորձի փոխանակում և արցախյան զբոսաշրջային բարիքների պատշաճ իրացում։

Share