Բաժին. Տնտեսական

Մարկետինգային նոր քաղաքականություն, շուկաների թիրախավորում. Արցախի զբոսաշրջությունը զգալի աճ է ապահովել

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Արցախի Հանրապետության զբոսաշրջության ոլորտում շեշտակի աճ է գրանցվել: Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն աճել է գրեթե 102 տոկոսով: Եթե 2017 թվականի առաջին հինգ ամիսներին Արցախ էր եկել 4 հազար 362, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում Արցախն իրենց այցելությունների ցանկում ներառել են 8 հազար 654 օտարերկրյա զբոսաշրջիկներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը նշեց, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է ևս մեկ զբոսաշրջային օպերատոր: Այժմ, ընդհանուր թվով, գործում է 10 զբոսաշրջային կազմակերպություն: Այս տարի 4 հյուրանոցային օբյեկտ է ավելացել՝ համալրելով 50-ից ավելի հյուրանոցների ցանկը:

Զբոսաշրջության ոլորտում նման զգալի աճն ինչի՞ արդյունք է: Արտակ Գրիգորյանը նշեց, որ տարբեր ուղղություններով հետևողական աշխատանքի, նոր քաղաքականության, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, թիրախավորված մարկետինգի շնորհիվ է:

«Այս տարի մշակել ենք զբոսաշրջության զարգացման գործողությունների պլան: Նախանշել ենք այն ուղղությունները, որոնցով առաջ ենք շարժվում: Ստեղծվել է մարկետինգային պլան, առանձնացվել են թիրախային շուկաները: Ասել, որ թվային աճն այս տարվա գործողությունների արդյունք է, սխալ կլինի: Զբոսաշրջությունը զարգանում է տարիների ընթացքում կատարած աշխատանքի, կայուն քաղաքականության, զբոսաշրջային շուկայում ճիշտ դիրքավորման շնորհիվ: Եթե կոնֆլիկտային իրավիճակ չլինի՝ մենք այս ոլորտում կունենանք կայուն աճ»,-ասաց Արտակ Գրիգորյանը:

Այս համատեքստում վարչության պետը կարևորեց զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիան: Դեռ տարեսկզբից նախարարությունը նախանշել էր 5 ուղղություն: Առաջինն արդեն իսկ գործող պատմամշակութային ուղղությունն է, որի հիմնական առանցքը վանական համալիրներն են, հուշարձանախմբերը, ինչպես օրինակ, Գանձասարի համալիրը, Հունոտի կիրճը, Տիգրանակերտի հնավայրը, Շուշին և այլն:

Երկրորդ ուղղությունն արկածային տուրիզմն է: Այն ենթադրում է հեծանվային արշավների, քայլարշավների համար երթուղիներ, Zipline, օդային թռիչքներ: Արտակ Գրիգորյանի խոսքով՝ սրանք այն ուղղություններն են, որտեղ իրենք տեսնում են մեծ պոտենցիալ և փորձում են դա իրացնել:

Հաջորդ ուղղությունը գաստրոտուրիզմն է, որի հիմքը արցախյան խոհանոցն է: Բազմազան, համեղ ուտեստներն անտարբեր չեն թողնում ոչ մի զբոսաշրջիկի: Նրանց նախընտրությունների շրջանում արդեն իրենց պատվավոր տեղն ունեն ժենգյալով հացը, խորոված բանջարեղենը, տապակած կանաչեղենը, ի դեպ՝ այնպիսի կանաչիներ, որոնք հատուկ են Արցախին. դդումով ճաշ և այլն:

«Զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն է վայելում տնական պայմաններում պատրաստած օղին: Թթի օղին արդեն դարձել է արցախյան բրենդ, այն մեծ տարածում է գտել տարբեր երկրներում: Շատերը գալիս են Արցախ թթի օղի փորձելու համար, իսկ հունիսին հնարավորություն են ունենում մասնակցելու թթի օղու պատրաստման գործընթացին»,-ավելացրեց նախարարության ներկայացուցիչը:

Վերջին շրջանում աշխատանքներ են տարվում արցախյան ավանդական կերակրատեսակների բաղադրատոմսերի վերականգնման ուղղությամբ: Արդյունքում ընդլայնվում է զբոսաշրջիկներին ներկայացվող կերակրատեսակների ցանկը: Այս տարի կտպագրվի արցախյան խոհանոցի մասին բուկլետ, որը ներկայացնելու է ոչ այնքան հայտնի ավանդական ճաշատեսակները:

«Աշխատանքներ են տարվում գինու ուղիների մշակման ուղղությամբ: Օրերս Հայաստանի Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի և  «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի տնօրենի հետ քննարկել ենք Արցախում, այսպես կոչված, գինու ուղիների զարգացման հեռանկարները: Եկել ենք համաձայնության, որ Հայաստանը համապատասխան աջակցություն ցուցաբերի զբոսաշրջային նպատակով գինեգործությունն օգտագործելու գործում»,-ասաց նա:

Հաջորդ ուղղությունն ագրոտուրիզմն է: Արտակ Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի իրականացնելու են դասընթացներ Շահումյանի, Մարտակերտի շրջաններում՝ ներգրավելով այն անձանց, ովքեր պատրաստակամ են հյուրատնային բիզնես հիմնել: Նպատակն է զարկ տալ հյուրատնային բիզնեսի զարգացմանը, ինչի անհրաժեշտությունը, զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ, կա: Արտակ Գրիգորյանը նշեց, որ արդեն իսկ գործում են հարկային արտոնություններ զբոսաշրջային տներ հիմնող բիզնեսի համար: Այժմ քննարկվում է այդ բիզնեսին ցածր տոկոսով վարկ տրամադրելու հարցը:

Հինգերորդ ուղղությունն իրադարձային տուրիզմն է: Արտակ Գրիգորյանը նշեց, որ Արցախը հարուստ է իրադարձություններով, միջոցառումներով, պարզապես դրանք պետք է կայուն հիմքի վրա դնել: Դրանք, որպես զբոսաշրջային արդյունք, ճիշտ փաթեթավորելու և շահառուներին տեղ հասցնելու անհրաժեշտություն կա: Պետք է նաև աշխատել զբոսաշրջային ընկերությունների հետ այդ միջոցառումներն իրենց  տուրփաթեթներում ներառելու համար:

Share