Բաժին. Տնտեսական

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը՝ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային երեք հարցերի քննարկմամբ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Խորհրդի անդամներին ներկայացվել է տեսչական մարմնի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Մասնավորապես, նշվել է, որ իրականացվել է 124 ստուգում, որից միայն մեկը՝ բողոքի հիման վրա, մյուսները նախատեսված են եղել ստուգումների ծրագրով։ 85 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ։ Ստուգումներ իրականացվել են բենզինի և դիզվառելիքի, օծանելիքակոսմետիկական արտադրանքի, խաղալիքների անվտանգության, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի և մի շարք այլ ոլորտներում։ Ներկայացվել են տեսչական մարմնի իրականացրած իրազեկման աշխատանքները՝ կառույցի գործունեության, ոչ պարենային արտադրանքի շուկայում կատարվող վերահսկողական գործառույթների մասին։

Օրակարգի երկրորդ հարցով ներկայացվել է Շուկայի վերասկողության տեսչական մարմնի կողմից ստացված բողոքների վիճակագրության վերաբերյալ հաշվետվությունը։ Մասնավորապես, առաջին կիսամյակի ընթացքում թեժ գծով ստացվել է 115 հեռախոսազանգ, որից միայն 21-ն են համապատասխանել տեսչական մարմնի լիազորություններին։ Ստացված 11 գրավոր դիմում-բողոքներից երկուսն են վերաբերել կառույցին։ Լիազորություններից դուրս դիմում-բողոքների վերաբերյալ սահմանված կարգով դիմումատուներին տրվել են պարզաբանումներ։

Օրակարգի երրորդ հարցով կառավարման խորհրդին է ներկայացվել 2019 թվականի բյուջետային հայտի նախագիծը, ինչը հավանության է արժանացել։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը օրակարգային առաջին երկու հարցերը հավանության է արժանացրել վերապահումով։

Share