Բաժին. Տնտեսական

Անցնող ամռանը գրանցվել է էլեկտաէներգիայի օգտագործվան ամենաբարձր ցուցանիշը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պաշտոնի ստանձնումից հետո առաջնահերթ խնդիր է դրել ուսումնասիրել բոլոր ծրագրերը և հանձնարարել է շատ արագ կատարել ծրագրերի գույքագրում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին  պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Գրիգորյանը նշեց, որ կարևորել է ատոմակայանը ժամանակին վերագործարկելու հարցը:

«Ես խնդիր էի դրել՝ առաջնահերթ ատոմակայանը ժամանակին վերագործարկելու հարցը: Իմ կողմից ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները, գնացել ենք ոչ ստանդարտ լուծումների և կարողացել ենք ճիշտ ժամանակին՝ օգոստոսի 1-ին, վերագործարկել ատոմակայանը»,- ասաց նա:

Ըստ նրա` ատոմակայանում տարեկան պլանային վերանորոգման աշխատանք էր կատարվում, իրենք ունեին խնդիր՝ ժամանակին, ըստ գրաֆիկի, այդ աշխատանքներն ավարտել, հակառակ դեպքում էներգահամակարգը 200-230 մլն դրամի չափով կտուժեր: Նախարարն ասաց, որ ատոմակայանի ժամանակին գործարկման համար իրենք գնացել են նաև ոչ ստանդարտ լուծումների:

Նախարարի խոսքով՝ այս տարի ամռանը էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում է եղել:

«Երբևէ ամռանը այդքան սպառում չի գրանցվել, քանի որ ամռան այս երեք ամիսներին գրեթե օրական ծախսվում էր 1030 մեգավատտ էլեկտրաէներգիա: Նման ծախս ունեցել ենք հիմնականում նոր տարվա օրերին, բայց ամռան ամիսներին նման իրավիճակ չէր եղել, և դա պայմանավորված էր հիմնականում շոգ օրերի հետ։ Այդ ընթացքում հաջողվել է այնպես անել, որ ոչ մի խափանում չլինի»,- նշեց Գրիգորյանը:

Նախարարը կարևորեց այն փաստը, որ բարձրավոլտ էլեկտրական ցանցերը ավելի ճիշտ կառավարելու համար «Տաշիր գրուպի» հետ համաձայնության են եկել, որ պետք է հանձնել պետական կառավարման:

Նա նաև ասաց, որ նախարարությունում կառուցվածքային փոփոխություների մի ամբողջ փաթեթ է նախապատրաստել, որի արդյունքում կվերաձևակերպվի նախարարության աշխատակազմը:

Նա հիշեցրեց նաև, որ համատեղ բանակցությունների արդյունքում եկել են եզրակացության և հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների համար տասը դրամով նվազեցրել են սակագինը:

Share