Բաժին. Տնտեսական

Գեղարքունիքի մարզի համայնքներում մեկնարկային փուլում է գտնվում 13 սուբվենցիոն ծրագիր

Գեղարքունիքի մարզի համայնքներում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 39 սուբվենցիոն ծրագիր, որոնցից 26-ն արդեն իրականացվել են, իսկ մնացած 13-ը գտնվում են մեկնարկային փուլում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանում համայնքի ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ընթացքում այս մասին հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Կառավարության կողմից Գեղարքունիքի մարզում հաստատվել է 1 միլիարդ 486 միլիոն դրամի ծրագիր, որոնց գրեթե կեսը համաֆինանսավորվել է համայնքների կողմից: Այսօրվա դրությամբ իրականացվել է 26 ծրագիր, իսկ առաջիկա օրերին մեկնարկում են մնացած 13 ծրագրերը:

Դրանցից 6-ը իրականացվելու են Ճամբարակ խոշորացված համայնքում, երկուսը՝ Ծովագյուղում, մնացածը՝ Մարտունի քաղաքում, Լճաշենում, Գեղհովիտում, Գանձակում եւ Կարճաղբյուրում: Առաջարկում եմ՝ ամենասեղմ ժամկետներում հայտարարել շինարարական մրցույթներ եւ ձեռնարկել աշխատանքների մեկնարկը՝ խստորեն հետեւելով շինարարության որակին եւ սահմանված ընթացակարգերի պահպանմանը: Մարզպետարանի կողմից կսահմանվի համապատասխան վերահսկողություն:

Հարկավոր է անմիջապես լծվել գործի, որպեսզի մինչեւ տարեվերջ կարողանանք ավարտին հասցնել բոլոր ծրագրերը»,-նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզպետն իր անհանգստությունը հայտնեց որոշ հանգամանքներից, որոնք խանգարում են փոքր համայնքներին՝ ընդգրկվելու սուբվենցիոն եւ առաջնահերթություն պահանջող ծրագրերում: Միաժամանակ նա իր դժգոհությունը հայտնեց որոշ խոշոր համայնքների իներտ պահվածքից, որոնք չեն ցանկանում ներկայացնել համայնքային կյանքի զարգացմանը միտված ծրագրեր:

«Փոքր համայնքները միջոցներ չունենալու պատճառով չեն կարողանում ընդգրկվել սուբվենցիոն կամ առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերում, ինչը մեզ չի կարող չանհանգստացնել: Դրա համար մենք ելքեր ենք մտածում՝ նրանց հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ: Իսկ առանձին խոշոր համայնքներ, որոնք սուբսիդիոն ծրագրերին մասնակցելու մեծ ներուժ ունեն, պետք է վերջ տան իրենց իներտ պահվածքին, իսկ այդ համայնքների բնակիչներն էլ պետք է տեղեկանան, որ իրենց մոտ զարգացման ծրագրեր չեն իրականացվում միայն տեղական իշխանության ցուցաբերած անտարբերության պատճառով»,-շեշտեց Գեղարքունիքի մարզպետը:

Խոսրով Խլղաթյան

Share