Բաժին. Տնտեսական

Հայաստանում կոնյակի սպիրտ արտադրողի և ներկրողի համար կստեղծվեն մրցակցային պայմաններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությամբ հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում Հայաստանում կոնյակի սպիրտ արտադրողների և ներմուծողների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ այս մասին հայտնեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«ԱԺ-ում հանդես եկանք համապատասխան օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ, և այն ընդունվեց: Փոփոխությունը միտված է հասնելու խաղողագործության, կոնյակագործության զարգացմանը և տեղական արտադրողի պաշտպանությանը: Սպիրտի և կոնյակի արտադրությունները ծանուցման ենթակա գործունեություններ են, տուրքը 15 մլն դրամ է: Մինչդեռ ներկրումը ծանուցման ենթակա գործունեություն չէ: Այսինքն՝ սպիրտ ներկրողն ավելի բարվոք վիճակում էր գտնվում, քան տեղական արտադրողը: Հիմա մենք տեղական արտադրողին և ներկրողին բերեցինք նույն օրենսդրական հարթություն, սպիրտ ներկրելը ևս դարձավ ծանուցման ենթակա գործունեություն»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ գինեգործների միության ղեկավարը ևս լավ գնահատական է տվել այդ փոփոխությանը՝ ասելով, որ վերջապես առկա է վատ որակի սպիրտի ներմուծումը կանխելու հնարավորություն:

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ փոփոխություն է կատարվել նաև մեծ և փոքր ընկերությունների մեջ հավասարություն սահմանելու նպատակով: 100 000 լիտրից ավելի սպիրտի արտադրության դեպքում հավելյալ յուրաքանչյուր լիտրի համար լրացուցիչ գումար է վճարելու արտադրողը:

Share